Բացել լրահոսը Փակել լրահոսը
038A4831
A A
Պաշտոնական

«Մեդիակրթությունը քաղաքացիական կրթության հիմնարար բաղադրիչն է». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Ժողովրդավարության դիմադրողականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ճգնաժամի պայմաններում» խորագիրը կրող ֆորումի շրջանակում այսօր մասնակցել է Հայաստանում մեդիա միջավայրի վրա ազդող գործոնների վերաբերյալ պանելային քննարկմանը:

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի Ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման բարեփոխման ծրագրերի ղեկավար Անժելա Կժդրյանը, «Ինֆոքոմ» լրատվական կայքի համահիմնադիր Սևակ Մամյանը, ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնի անդամ, իրավաբան Արա Ղազարյանը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» պրոդյուսեր Նելլի Ռաֆայելյանը:

Իր ելույթում անդրադառնալով մեդիագրագիտության բերալավման կարևորությանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանրակրթության պետական նոր չափորոշչով սովորողի առանցքային 8 կարողունակություններից մեկը թվային և մեդիա կարողունակությունն է, որի արդյունքում յուրաքանչյուր շրջանավարտ կկարողանա հմտորեն տիրապետել այդ գործիքներին՝ վերլուծելով ու կիրառելով դրանք: Չափորոշիչը սահմանում է, որ սովորողները պետք է տիրապետեն մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին, պատկերացնեն մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում, կարողանան կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում՝ գտնելով և տարածելով փաստարկված տեղեկություններ:

Նախարարի դիտարկմամբ՝ սա մեծ աշխատանք է, որն էապես կարող է փոխել նաև հասարակության մեդիագրագիտության պատկերը: «Երբ խոսում ենք մեդիամիջավայրի վրա ազդող գործոնների մասին, բնականաբար, հասարակության մեդիակրթությունն ու մեդիագրագիտությունը դառնում են առաջնային: Այստեղ կրթական համակարգն ունի հատուկ հանձնառություն: Ժամանակակից հասարակություններն առանց մեդիագրագիտության բավարար մակարդակի չեն կարող ապահովել ժողովրդավարության անհրաժեշտ պայմանները, որոնցով պայմանավորված են այդ գործընթացների մասնակցայնությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Կրթության հիմնական անելիքը մեդիակրթությունն իրապես քաղաքացիական կրթության մաս դարձնելն է՝ որպես անհրաժեշտ և հիմնարար գրագիտության մակարդակ»,- ասել է նախարարը և ընդգծել, որ թեև մեծածավալ ծրագրեր են իրականացվում այդ ուղղությամբ, սակայն անելիքներ դեռ շատ կան:

Նախարարն անդրադարձել է նաև լրագրողական կրթության որակի չափանիշների բարելավման անհրաժեշտությանը՝ որպես մեդիադաշտի կայացման նախապայման: Անդրադառնալով ուսուցիչների մասնագիտական զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ վերջին տարիներին այս ուղղությամբ նկատելի առաջընթաց կա. մեդիագրագիտության բաղադրիչն ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերում դարձել է պարտադիր:

«Այդուհանդերձ, այս գործընթացը հիերարխիկ չէ. մենք դուրս ենք գալիս այն դերից, երբ մեկը սովորեցնում է, մյուսը՝ սովորում: Իրականում, մեր երեխաները շատ ակտիվ մեդիասպառողներ ու ստեղծողներ են: Կարծում եմ՝ եթե կրթական գործընթացն ավելի համագործակցային դիտարկենք, ապա կունենանք մի իրավիճակ, երբ ուսուցիչներն էլ կարող են սովորել երեխաներից: Նոր չափորոշիչը հատկապես տալիս է այդ հնարավորությունը՝ նախագծային ուսուցման և բազմաթիվ այլ գործիքների միջոցով»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու վստահություն հայտնել՝ ֆորումի ընթացքում հնչած տարբեր մտքերն ու գաղափարներն օգտակար կլինի կիսել նաև կրթական համակարգի ներկայացուցիչների հետ:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ ավանդաբար իրականացվում է «Մեդիագրագիտության շաբաթ» միջոցառումը, որը ներառում է բազմաթիվ կրթական ծրագրեր և վերապատրաստումներ: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ամեն տարվա նոյեմբերին կազմակերպվող միջոցառումը մեծ թվով մասնակիցներ է ունենում, ինչը ցույց է տալիս, որ կրթական համակարգը պատրաստ է սովորելու և փոխառելու անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները:

Պանելային քննարկման մասնակիցները հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել են ոլորտային մի շարք հարցերի:

Միջոցառումն անցկացվում է Freedom House կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի շրջանակում, որի նպատակն է բացահայտել ապատեղեկատվության դեմ պայքարի լավագույն փորձը՝ Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համար:

Ֆորումը կազմակերպվել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության և գործընկեր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համատեղ ջանքերով: Հանրային ֆորումը նպատակ ունի միավորելու քաղհասարակության, ԶԼՄ-ների, դիվանագիտական համայնքի և ՀՀ օրենսդիր ու գործադիր մարմինների շահագրգիռ կողմերին՝ համատեղ վերլուծելու և քննարկելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները:

ԿԳՄՍՆ