Բացել լրահոսը Փակել լրահոսը
ալիև
A A
Քաղաքականություն

Ալիևը վերստին պնդում է՝ խաղաղության պայմանագրի պայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է

Ադրբեջանի նախագահն այսօր վերստին պնդել է՝ խաղաղության պայմանագրի կնքման կարևորագույն պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ դրանում, ըստ Իլհամ Ալիևի, տարածքային պահանջներ կան իր երկրի նկատմամբ, գրում է Ազատությունը։

«Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի: Դա հասկանալի է», - APA գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը Կանադայի նորանշանակ դեսպան Քևին Համիլթոնի հավատարմագրերն ընդունելիս:

Սահմանադրության փոփոխության՝ Բաքվից հնչող պահանջներին Երևանից բազմիցս հակադարձել են, որ դրանք Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ են:

Ալիևը վստահեցրել է, թե այդ պայմանը կատարելու դեպքում խաղաղության պայմանագրի տեքստի կամ առնվազն դրա հիմնական սկզբունքների վրա աշխատանքը հնարավոր կլինի ավարտել մի քանի ամսվա ընթացքում: Հնարավոր տարբերակներից մեկը նա համարել է հիմնական սկզբունքների նախաստորագրումը:

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ «ներկայումս տեսնում ենք լավագույն արդյունքները երկկողմ մակարդակով»: «Ոչ ոք չի միջամտում այս գործընթացին», - հավելել է Ալիևը:

«Մենք կարող ենք համաձայնության գալ սահմանների սահմանազատման և նույնիսկ, ինչը հազվադեպ է լինում, դրանց սահմանագծման հարցում: Ճիշտ է, խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ, սակայն արդեն հասել ենք սահմանների սահմանազատման», - ասել է Ադրբեջանի նախագահը: