Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արսեն Հարությունյան
A A
Մշակույթ

Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Արսեն Հարությունյան. «Ամեն ինչ քո ձեռքերում է»

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Արսեն Հարությունյան

Աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

-Արսեն, ի՞նչ տրամադրվածությամբ և ի՞նչ մարզավիճակում եք մոտենում Փարիզի խաղերին:

-Տրամադրվածությունը հիանալի է, մարզումները ևս շատ լավ են անցնում, կարևորը՝ առանց վնասվածքների: Մնացածը՝ Փարիզի գորգը ցույց կտա:

-Այս ընթացքում ի՞նչ նախապատրաստություն եք անցել, ինչի՞ վրա եք ավելի շատ աշխատել:

-Ուսումնամարզական շատ հավաքներ ենք անցկացրել, ֆիզիկական մեծ աշխատանք ենք կատարել, տեխնիկապես ենք փորձել բարելավվել: Եվրոպայի առաջնությունից հետո, եթե եղել են սխալներ, մարզիչների օգնությամբ փորձել ենք դրանք շտկել: Հուլիսի սկզբին ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնենք Վրաստանում, ապա նորից մարզումները կշարունակենք Օլիմպավանում:

-Փարիզ-2024-ը Ձեր երկրորդ Օլիմպիական խաղերն են լինելու: Եթե հետհայացք գցենք, ինչը՞ չստացվեց Տոկիոյում: Ու այդ խաղերից հետո որքանո՞վ եք փոխվել՝ թե՛ որպես մարզիկ, թե ՛ որպես անհատ:

-Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցեցի շատ երիտասարդ տարիքում: Թույլ տվեցի սխալներ, որոնց միակ պատասխանատուն ես եմ: Այնքան էլ լավ չէի նախապատրաստվել, մարզումներս թուլացրել էի: Անկասկած, այդ խաղերից հետո շատ եմ փոխվել: Առհասարակ, երեք տարվա ընթացքում շատ բաներ են փոխվել թե՛ իմ կյանքում, թե՛ սպորտում, թե՛ բնավորությանս մեջ: Մարդն ամեն օր մի բան է սովորում ու հասունանում է: Հիմա ավելի վստահ ու հասուն գոտեմարտեր եմ անցկացնում: Հասկացել եմ, թե որտեղ եմ թերացել ու փորձել եմ դրանք ուղղել:

-Ինքնաքննադա՞տ եք:

-Կարծում եմ՝ յուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր: Ամեն ինչ քո ձեռքերում է, ու պետք չէ մյուսներին մեղադրել: Եթե ինչ-որ բան սխալ ես արել, պետք է ուղղես:

-Փարիզի Օլիմպիական խաղերը Ձեզ համար ինչո՞վ են առանձնանում:

-Այս պահին նախապատրաստվում եմ այնպես, ինչպես աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին: Ամեն ինչ պետք է անեմ լավագույնս հանդես գալու և բարձր արդյունքներ գրանցելու համար:

-Ձեր քաշային կարգում գրեթե բոլոր մրցակիցներին ճանաչում եք: Ինչպիսի՞ պայքար եք ակնկալում:

-Այո, բոլորին ճանաչում եմ, գրեթե բոլորի հետ գոտեմարտել եմ: Եղել է, որ հաղթել եմ, եղել է՝ պարտվել: Մրցման օրն ով ավելի լավ վիճակում եղավ, նա էլ կհաղթի: Հաղթելու է նա, ով այս տարիների ընթացքում ճիշտ աշխատանք է կատարել, չի թուլացել ու լավ է մարզվել: Ամեն ինչ ցույց կտա մրցագորգը:

Բլից հարցեր

-Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

-Բեսիկ Կուդուխովի, որը, ցավոք, այլևս կենդանի չէ:

-Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

-Նման խորհուրդներ շատ են եղել:

-Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

-Լավ մարդ մնալ:

-Ձեր կյանքի կանոնները:

-Լինել ճշտապահ:

-Ինչի՞ց եք վախենում:

-Վախեր չունեմ:

-Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:

-Աստծուն:

-Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:

-Երևի՝ «Չհանձնվողը»:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ