Փոխհատուցում՝ հեղեղումներից տուժածներին․ կառավարությունը հաստատեց կարգը. որքա՞ն գումար կտրամադրվի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 4-ի նիստում քննարկեց և հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը։
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ աջակցության ծրագրի շահառու են հանդիսանում այն անձինք, որոնք անշարժ գույքի նկատմամբ ունեն սեփականության իրավունք։
Նրա խոսքով՝ փոխհատուցման ենթակա վնասների տեսակներից են բազմաբնակարան շենքի բնակարան կամ անհատական բնակելի տանը, կենցաղային առաջնային գույքին՝ գազօջախ, սառնարան, հեռուստացույց և այլն, պատճառված վնասները։ Այլ վնասների փոխհատուցմանն անդրադարձ է կատարվելու առանձին։
Եթե որևէ տուժած ֆիզիկական անձ ներկայացված կարգով չի հանդիսանա շահառու, ապա պատճառված վնասը մեղմելու համար նրան կարող է տրամադրվել սոցիալական աջակցություն։
Անդրադառնալով վնասի փոխհատուցման մանրամասներին՝ Ղազարյանն ընդգծեց, որ բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական տան կորստի դեպքում ֆիզիկական անձին կտրամադրվի փոխհատուցում՝ վկայագրի միջոցով բնակարան կամ անհատական տուն ձեռքբերելու նպատակով։ Կորուստ կհամարվի տուժած ֆիզիկական անձի բնակարանի կամ առանձնատան ոչնչացումը, փլուզումը կամ վթարային քանդման ենթակա 5-րդ կամ 4-րդ աստիճանի վնասվածության դառնալու փաստը, որն անհնար է դարձնում մարդու բնակվելը և բնական կենսապահովումը։
Անշարժ գույքին պատճառված մյուս վնասների դեպքերում ,եթե կորուստ չէ, կտրամադրվի վերանորոգման համար փոխհատուցում։ Վնասի փոխհատուցման չափը կախված կլինի գույքի մակերեսից։ Փոխհատուցումը կտրամադրվի բնակելի գույքի մակերեսին համաչափ 1 քառակուսի մետր հաշվով՝ առավել տուժած բնակավայրերում՝ 60 հազար ՀՀ դրամ, իսկ մյուս բնակավայրերում՝ 40 հազար դրամի չափով։
Կսահմանվի մակերեսի առավելագույն չափ 80 քառակուսի մետր։ Առանձնատների դեպքում առաջին հարկում կարող են լինել օժանդակ մեծ մակերեսներ, որոնք գրանցված են որպես բնակելի։ Ավելի բարդ մեխանիզմների չդիմելու համար որոշվել է սահմանափակել հատուցման ենթակա մակերեսների չափը։
Առաջնային կենցաղային գույքի գնման համար յուրաքանչյուր բնակարանի հաշվով կտրամադրվի 1 միլիոն 200 հազար ՀՀ դրամ՝ անշարժ գույքի կորստի դեպքում կամ առավել տուժած բնակավայրերում, և 800 հազար դրամ՝ մյուս բնակավայրերում։
Բոլոր դեպքերում աջակցությունը կփոխանցվի շահառուների բանկային հաշվին։ Աջակցության առնվազն 60 տոկոսը կօգտագործվի անկանխիկ եղանակով: Ընդ որում, քարտով վճարումը կհամարվի անկանխիկ։ Մյուս 40 տոկոսը կարող է կանխիկացվել։