Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ (2)
A A
Պաշտոնական

ՊԵԿ-ը զգուշացնում է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման ժամկետն ավարտվել է 2024 թ․ հուլիսի 22-ին։

Եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․1 հոդվածի 3-րդ պարբերության համաձայն,  առաջին անգամ չներկայացնելու դեպքում կիրառվում է նախազգուշացում վարչական տույժը։ Այնուհետև, նախազգուշացումը կիրառելուց հետո 30 օրվա ընթացքում հաշվարկ-հայտարարագիր չներկայացնելու դեպքում (նույն հոդվածի 4-րդ պարբերության 1-ից 4-րդ կետերի համաձայն)  նախատեսվում է 50 հազար ՀՀ դրամի չափով տուգանք՝  ՀՀ  ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների համար, որոնք`

  • հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) դրան նախորդող տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ),
  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի համաձայն համարվում են իրական շահառու,
  • հաշվետու տարվա ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն։

Նշված խմբերում չներառված ֆիզիկական անձանց համար նախատեսվում է տուգանք՝ 5 հազար ՀՀ դրամի չափով։

Տուգանք վարչական տույժը կիրառելուց հետո, 30 օրվա ընթացքում տարեկան հաշվարկ-հայտարարագիրը չներկայացնելու դեպքում, տուգանքի չափը կրկնապատկվում է։

Հիշեցնենք, որ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, վարչական իրավախախտում է համարվում մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

ՊԵԿ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր չներկայացնելու առթիվ հարուցված վարչական վարույթների շրջանակում, անձի մեղքի բացակայության մասին վկայող ապացույցներ ներկայացնելու դեպքում՝ ֆիզիկական անձը կարող է ազատվել վարչական պատասխանատվությունից։

 ՊԵԿ