Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Սեփականատերերը պարտավոր են պահպանել հուշարձան-շենքերը. քաղաքապետարան (տեսանյութ)

«Քաղաքում կան հուշարձան-շենքեր, որոնք անտերության են մատնված, չեն շահագործվում, կոտրված պատուհաններով են, և այստեղ մենք անելիք ունենք»,-դեռևս նախորդ տարի աշխատանքային խորհրդակցությանը նշել էր Տիգրան Ավինյանը:

Երևանում այսօր անմխիթար վիճակում գտնվող շուրջ 3 տասնյակ հուշարձան-շենքերի սեփականատերերը հայտնի չեն կամ էլ նրանց գտնվելու վայրը պարզ չէ: Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանության նպատակով Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ մեկնարկել է նոր գործընթաց՝ սեփականատերերին գտնելու և շենքերը վերականգնելու համար:

«Հիմնականում դրանք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի, երևանցիների շրջանում հայտնի սև շենքերն են: Դրանք տարբեր բնույթի խնդիրներ ունեն: Մի մասը անվթարության խնդիր ունեն, մի մասը լքված է, մի մասն էլ ոչ պատշաճ է օգտագործվում: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանված են հուշարձանների սեփականատերերի պարտականությունները: Այդ պարտավորությունների մեջ է մտնում հուշարձանների պահպանության և անվթարության ապահովումը: Այդ հարցով սկսել ենք քաղաապետարանի հետ համատեղ նախաձեռնություն»,- նշում է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանը:

«Քաղաքապետարանն այս առումով համագործակցում է նաև կադաստրի կոմիտեի և ՆԳՆ հետ, որպեսզի կարողանանք վերհանել սեփականատերերին կամ նրանց գտնվելու վայրը և ապահովել նրանց կողմից հուշարձան շենքերի

պահպանության այն պարտականությունը, որ սեփականատերերի վրա դրված է օրենքով, ինչպես նաև ավագանու որոշմամբ սահմանված ամրապնդման, վերականգնման և պահպանման աշխատանքների իրականացումը»,-ընդգծում է Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը:

Բոլոր սեփականատերերին ուղարկվել են ծանուցումներ՝ իրենց ստանձնած պարտավորություննների կատարման մասին: Արձագանքել են մեկ, երկուսը և պատրաստակամություն հայտնել ապահովելու շենքերի պահպանությունը: Որոշ դեպքերում ծանուցումները պարզապես տեղ չեն հասնում. սեփականատերերը, որոնք ֆիզիկական ու իրավաբանական անձինք են, արտերկրում են: Սեփականատերերի կողմից իրենց վրա դրված պարտականությունները չիրականացնելու դեպքում օրենսդրությունը նախատեսում է վարչական տուգանքների կիրառում:

«Քաղաքապետարանը ներկայումս նախաձեռնել է նաև մեկ այլ գործընթաց ՝ «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները, որոնք ի թիվս այլ կարգավորումների, այս ոլորտում ևս նախատեսում են կարգավորումներ՝ մասնավորապես նպատակ ունենալով ստեղծել այնպիսի նոր իրավական դաշտ, որտեղ հնավոր կլինի համայնքի կողմից միջամտել և իրականացնել շենքերի պահպանությունն այն դեպքերում, երբ դա չանեն սեփականատերերը՝ հաշվի առնելով, որ այդ շենքերը հանդիսանում են ոչ միայն նրանց սեփականությունը, այլև քաղաքի և պետության պատմամշակութային ժառանգությունը: Այնուհետ ակնկալում ենք կրած ծախսերը ստանալ սեփականատերերից: Էապես կավելանան նաև վարչական տույժերը: Դրանք կհասնեն ընդհուպ շատ մեծ չափերի» ,- ասում է Սոնա Թևանյանը:

Քաղաքը պետք է ամեն ինչ անի՝ պահպանելու Երևանի պատմամշակութային ժառանգությունը: Օրենքը նախատեսում է նաև հնարավորություն՝ դատական կարգով սեփականատերերից անտնտեսվար պահվող հուշարձան շենքերի հետվերադարձ։

«Օրենքի նոր նախագծով շատ չոր և կոշտ մեթոդներ են նախատեսվում հուշարձան-շենքերի պահպանման ու կանոնների խախտման դեպքում, և այդ կանոնները չպահպանելը սեփականատերերի համար շատ դառը հետևանքներ է

ունենալու: Իսկ հուշարձան-շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են, և այդ շեղումների վերացումը սեփականատերերի պարտավորությունն է. այդ պարտավորությունը պետք է պահպանվի կամ կպարտադրվի»,- արդեն այս հուլիսին ընդգծել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մեր նպատակը, իհարկե, ոչ թե սեփականատերերից գույքի բռնագանձումն է կամ դրա հնարավորության ստեղծումը, այլ որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունները: Լիահույս ենք, որ այս գործընթացը շուտով արդյունքներ կգրանցի»,-նշում է Հրանտ Հովսեփյանը:

Ամրակայում, նորոգում, վերականգնում ու պահպանում: Պատմամշակութային շենքերը պետք է ոչ միայն արտաքինից լինեն բարեկարգ, այլև ներսից: Մինչդեռ այսօր որոշ շենքեր գտնվում են պարզապես վթարային վիճակում:

Համայնքն ու գործադիրը մեկտեղել են ուժերը՝ Երևանի պատմական դիմագիծը վերականգնելու համար: