ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքերի տեղափոխման անօրինական դեպքերի բացահայտման ուղղությամբ:
Օրերս «Բագրատաշեն» մաքսային անցման կետ է ժամանել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող «GAZ» մակնիշի ավտոքարշակ, որի կշռման ժամանակ մաքսային ծառայողի հարցին արդյո՞ք ավտոքարշակում առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացին բացասական պատասխան է տվել: Մաքսային ծառայողի մոտ, սակայն կասկած է առաջացել, որ նշված մեքենայով մաքսային հսկողությունից թաքցված ապրանք է տեղափոխվում։ Տրանսպորտային միջոցն ուղեկցվել է ռենտգեն տեսազննման կայան, որտեղ կատարված ռենտգեն հսկողության արդյունքում կասկածելի պատկեր է նկատվել: Ավտոքարշակն ուղարկվել է խորը զննման անգար և ենթարկվել մաքսային զննման, ինչի արդյունքում տրանսպորտային միջոցի հատուկ պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են ընդհանուր 61 կգ քաշով դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր։
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ` Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։
Նշենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Բագրատաշեն» մաքսային անցման կետում մաքսային ծառայողների կողմից 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում կանխվել է մոտ 340 կգ քաշով դեղորայքի ապօրինի ներմուծման 16 դեպք։