Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Քաղաքը պետք է մաքրենք հին ավտոմեքենաների կմախքներից». Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Ոչ պիտանի 31 տրանսպորտային հենակմախք և 83 այլ իրեր են վարչական շրջաններից դուրս բերվել և այլ տարածք տեղափոխվել:  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին  գործակարգավարական խորհրդակցության ընթացքում զեկուցվել է ոչ սահմանված վայրերում կայանած մեքենաներից ազատվելու և մասնավոր օբյեկտների հարակից տարածքներում մայթեր կառուցելու ու բակերը բարեկարգելու մասին: 
 «Այս աշխատանքը որոշ տեղերում արդեն տեսանելի է, բայց պետք է շարունակական լինի և քաղաքը պետք է մաքրենք հին ավտոմեքենաների կմախքներից»,-շեշտել է քաղաքապետը:


***
Երևանում ոչ սահմանված վայրերում առևտրի իրականացման և ծառայություն մատուցելու համար կազմվել է 111 արձանագրություն, մոտ 5 տոննա 720 կգ ապրանքատեսակ առգրավվել է: Օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ՝ առանց համապատասխան գովազդի տեղադրման թույլտվության ավտոտրանսպորտային միջոցների վրա գովազդ տեղադրելու համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 7 արձանագրություն՝ 11 գովազդային վահանակի առգրավմամբ: 
«Մի պահ քաղաքը վերածվել էր զբոսաշրջային մեքենաների հանգրվանի: Զգոնությունը պետք է չկորցնենք, պարբերաբար ստուգումները պարտադիր են»,-նշել է քաղաքապետը:


*** 
Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղի արձանի հարակից տարածքի բարեկարգման երկրորդ փուլն սկսվել է: Պատկերը կամբողջացվի մոտ 24 ամսից: 


***
Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջանների մի շարք փողոցներում միջին նորոգման ծրագրով իրականացվում է ֆրեզավորում: Էրեբունու Աթոյան փողոցի ասֆալտապատումն ավարտված է: Մյասնիկյան պողոտայի ասֆալտապատումը դեռ ընթացքում է, միևնույն ժամանակ մայրաքաղաքի տարբեր հասցեներում շարունակվում է փոսային նորոգումը: 


***
Մայրաքաղաքի այգիների  տարբեր վարձակալության պայմանագրեր տարիներ շարունակ խնդրահարույց են եղել: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է՝ հիմա անհրաժեշտ է  վարձակալների հետ քննարկել այն հանգամանքը, որ այգիների տարածքները վերջիններիս բիզնես նպատակ լինելուց բացի, նաև մարդկանց զբոսանքի համար են: 
«Եթե համաձայնության գալ չենք կարող, ապա պետք է նոր մրցույթ հայտարարվի, խզվեն նախկին պայմանագրերը, քանի որ վստահ չեմ՝ բոլորը կցանկանան ավելի մեծ վճարով ու հին տրամաբանությամբ շահագործել տարածքները»,-նշել է Տիգրան Ավինյանը: