A
A
Արևմտյան Նեղոսի տենդ․ ինչպե՞ս է տարածվում և ինչպե՞ս պաշտպանվել
Աջակցիր «Ա1+»-ինԱրևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով:
Վարակումը ամենից հաճախ տեղի է ունենում թռչունների շրջանում, սակայն մարդիկ և որոշ կաթնասուն կենդանիներ նույնպես կարող են վարակվել: Մարդկանց մոտ վարակի ախտահարման դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների։
Դեպքերի մեծ մասը գրանցվում է հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, որը համընկնում է մոծակների ակտիվացման շրջանի հետ: Տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, բայց տուրիզմի զարգացման հետ, հայտնաբերվում է նաև այլ երկրներում: Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ պացիենտի մոտ։
Հիվանդությունը մարդուց մարդուն ՉԻ փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։
Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:
Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝
դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С,
գլխացավ,
տարածուն մկանացավեր, հոդացավեր,
փսխում,
փորլուծություն,
մարմնի ցանավորում։
Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝
սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր,
ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի,
անզուսպ փսխումներ,
լուսավախություն,
ջղաձգումներ, ցնցումներ,
գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։
Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝
տարեցները,
սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք,
ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք,
շաքարային դիաբետ ունեցող անձինք,
քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։
Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը: