Կոտայքի մարզում ՌԴ 20-ամյա քաղաքացու անհետ կորելու, ապա նրա դին հայտնաբերվելու դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն է ստացվել ՌԴ քաղաքացու՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում տված հաղորդումն այն մասին, որ նույն օրը, ժամը 10։00-ի սահմաններում, երկու ընկերոջ հետ գնացել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայր՝ հեծանիվ վարելու, և հետ վերադառնալիս իր ընկերներից մեկը՝ Մարկ Լարինը, Հանքավան բնակավայրից մինչև Արտավազ բնակավայր ճանապարհին կորել է, հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Մարդու անհետ կորելու վերաբերյալ պատշաճ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Օգոստոսի 21-ին վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ որոնողական աշխատանքների արդյունքում 2002թ․ ծնված Մ․ Լարինի դին հայտնաբերվել է Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի մոտակայքում։
Քննիչը մեկնել է դեպքի վայր։
Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես՝ դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ՝ նախնական տվյալներով, մարմնի վրա բռնության տեսանելի հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։