Կխթանվի մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը
Աջակցիր «Ա1+»-ինԿխթանվի մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը
Կառավարությունը որոշում է կայացրել, որով կարգավորվում է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման գործընթացը։
«1148. Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» բյուջետային ծրագրի «12002. Կամավոր ատեստավորման նոր համակարգի ներդրում՝ ուղղված արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների որակի բարձրացմանը» միջոցառման գլխավոր նպատակն արտադպրոցական ուսումնական հաստատության մարզիչ-մանկավարժի, խմբակավարի, դասատուի, ինչպես նաև որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձի՝ ըստ մարզաձևերի, ուղղությունների, առարկաների գիտելիքների իմացության աստիճանի գնահատումն ու դրա արդյունքում վերջինիս լրավճարի տրամադրումն է։
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրումը թույլ կտա մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, խթանելու և զարգացնելու մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները։
Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը, և լրավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կխթանի արական սեռի մանկավարժների մուտքը արտադպրոցական ուսումնական հաստատություններ։ Համաձայն ՀՀ կառավարության 2023թ-ի մարտի 2-ի N 269-Ն որոշմամբ հաստատված կարգի ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին լրավճար տրվում է 5 տարի ժամկետով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված համայնքների բյուջեներից, սահմանվում է ամրագրված լրավճար հետևյալ տրամաբանությամբ՝
1. Ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138300 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար,
2. Ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար,
3. Ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար: