Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումներ․ տեղեկատվական հոլովակ (տեսանյութ)

Տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումներ տեղեկատվական հոլովակ

 

2024 թվականի սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում գործելու են նոր կարգավորումներ։ Եկեք հասկանանք, թե օրենսդրական նոր փոփոխությունների համաձայն՝ տաքսի ծառայության ո՞ր տեսակն ինչպե՞ս պետք է կազմակերպի իր գործունեությունը։

 

GG, Yandex, Utaxi և այլ ընկերություններ

Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները (GG, Yandex, Utaxi և նմանատիպ այլ ընկերություններ), որոնք տաքսի ծառայություն են մատուցում համացանցի միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ պետք է կատարեն հետևյալ քայլերը․

 

  • Միանալ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին՝ վարորդներին հարկային մարմնում հաշվառելու և էլեկտրոնային ՀԴՄ կտրոն գեներացնելու համար, ապա յուրաքանչյուր պատվերի դեպքում վարորդի փոխարեն պատվիրատուին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը՝ իրենց հավելվածների միջոցով։

 

  • Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով, հարկային մարմին ներկայացնել տաքսի ծառայություն մատուցողից ուղևորափոխադրման համար գանձված ու վճարման ենթակապետական տուրքի վերաբերյալ հայտարարություն և նույն ժամկետում՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ, վճարել պետական տուրքը։

 

GG, Yandex,  Utaxi կամ այլ հարթակներից պատվեր ստացող անհատ տաքսու վարորդ

GG, Yandex,  Utaxi կամ այլ հարթակներից ուղևորափոխադրման պատվեր ստացող անհատ տաքսու վարորդը ՉՈՒՆԻ որևէ պարտավորություն․ ի՛ր փոխարեն, բայց ի՛ր տվյալներով բոլոր պարտավորությունները, այսինքն և՛ ՊԵԿ համակարգին միանալը, և՛ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն գեներացնելն ու տրամադրելը, և հարկային մարմին հայտարարություն ներկայացնելն ու պետական տուրքի վճարումը կատարելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը (GG, Yandex, Utaxi և այլն)։ Այս դեպքում անհատ տաքսու վարորդը պետք է ունենա միայն հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), որը ևս կստանա էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերության միջոցով՝ պարզեցված ընթացակարգով։ Իսկ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող վարորդները հարկային մարմնում պետք է հաշվառվեն ինքնուրույն՝ ներկայացնելով առցանց դիմում, կամ այցելելով ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին։

 

GG, Yandex,  Utaxi կամ այլ հարթակներից պատվեր ստացող «տաքսի սերվիս»

Նույնը վերաբերում է նաև տաքսի ծառայություն մատուցող այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին («տաքսի սերվիսներ»), որոնք ևս աշխատում են՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից։ Իրենց փոխարեն բոլոր քայլերն իրականցնելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը։


Անհատ տաքսու վարորդ

Այն դեպքում, երբ վարորդը նախընտրում է աշխատել անհատապես՝ չստանալով պատվերներ GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից, նա պետք է կատարի հետևյալ քայլերը․

  • Ներբեռնել ՊԵԿ-ի մոբայլ հավելվածը, «Ես եմ» հարթակի միջոցով անցնելով նույնականացում՝ մուտք գործել համակարգ, առանց որևէ դիմում ներկայացնելու՝ առցանց եղանակով, ձեռք բերել հարկ վճարողի հաշվառման համար։

 

  • Պատվեր կատարելուց հետո գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և այն տրամադրել պատվիրատուին՝ իր նախընտրած առցանց եղանակներից (էլեկտրոնային փոստ, Viber, WhatsApp հավելվածներ) որևէ մեկով։

 

  • Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ՝ հենց նույն համակարգի միջոցով (հայտարարությունը հնարավոր է ներկայացնել և՛ մոբայլ, և՛ վեբ տարբերակով), էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել ուղևորափոխադրումների իրականացման գործունեության վերաբերյալ հայտարարություն և նույն ժամկետում՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ, վճարել պետական տուրքը։

 

Տաքսի սերվիս

Այն կազմակեր­պութ­յունները և անհատ ձեռնարկատերերը («տաքսի սերվիսներ»), որոնք տաքսի ծառայություն մատուցում են իրենց ընկերության միջոցով՝ չմիանալով GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակների, պետք է կատարեն հետևյալ քայլերը․

 

  • Միանալ ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգին, գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և պատվիրատուին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ յուրաքանչյուր ընկերություն իր ՀՎՀՀ-ով։

 

  • Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով` Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով, հարկային մարմին ներկայացնել ուղևորափոխադրումների իրականացման գործունեության վերաբերյալ հայտարարություն և նույն ժամկետում՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ, վճարել պետական տուրքը։

 

Հիշեցնենք, որ «տաքսի սերվիսում» աշխատող վարորդն անձնապես որևէ պարտավորություն չի ունենում։

 

Պետական տուրքի նոր դրույքաչափեր

Պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքից և դրույքաչափերը տարբեր են կանխիկ և անկանխիկ եղանակով վճարելու դեպքում։

 

Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

  • 2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից,
  • 3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից,
  • 5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից․

 

Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

  • 1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից,
  • 2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից,
  • 4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։

 

Օրինակ 1 1000 դրամ արժեքով պատվերի դեպքում պետական տուրքը 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կկազմի 20 դրամ, եթե պատվիրատուն վճարի կանխիկ (1000 դրամի 2 տոկոսի չափով), իսկ անկանխիկ վճարման դեպքում՝ տուրքը կկազմի 15 դրամ (1000 դրամի 1.5 տոկոսի չափով)։ Այս օրինակով ինքնաշխատ հաշվարկվում է ամսվա ընթացքում կատարված բոլոր պատվերների պետական տուրքի հանրագումարը։

 

Օրինակ 2 սեպտեմբերի 1-ից մատուցել տաքսի ծառայություն մատուցելու դեպքում հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնել մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ և նույն ժամկետում վճարել նաև պետական տուրքը։

 

Կարևոր է իմանալ

Պատվիրատուին էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրելու համար առանձին հսկիչ դրամարկղային մեքենա գնելու կարիք չկա ՀԴՄ կտրոնը լինելու է էլեկտրոնային և գեներացվելու է՝ ՊԵԿ-ին միացած համակարգի միջոցով։ Իսկ GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներով կատարված պատվերների դեպքում՝ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն գեներացվելու է ավտոմատ և հաճախորդին տրամադրվելու հավելվածների միջոցով։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին