Շախմատի համաշխարհային Օլիմպիադա. Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին:
Դանիելյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ: Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր և բրոնզե մեդալ նվաճել 4-րդ խաղատախտակի վրա:
Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:
Վերջին խաղափուլում մեր ընտրանին 3:1 հաշվով առավելության է հասել Գերմանիայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակներ են տարել Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը կիսել են միավորները:
Կանանց մրցաշարում չեմպիոնի կոչմանն արժանցել է Հնդկաստանի թիմը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Օլիմպիադայում կիսել է 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Տղամարդկանց մրցաշարի հաղթողի կոչմանը դարձյալ արժանացել է Հնդկաստանի թիմը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով հաղթանակի է հասել Իրանի ընտրանու նկատմամբ: Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ են տարել Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը: Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը զիջել է մրցակցին:
Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն ընդհանուր վաստակած միավորներով երրորդն են Հնդկաստանից և ԱՄՆ-ից հետո։