Երևանում Արցախի պողոտայից «ԿամԱԶ» բեռնատար են գողացել
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 28-ամյա Կարեն Մ․-ն և հայտնել, որ այդ օրը Արցախի պողոտա 34/1 հասցեից գողացել են իրեն պատկանող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կարեն Մ․-ն ոստիկանության բաժնում պարզաբանել է, որ այս տարվա սեպտեմբերի 24-ից իրեն պատկանող «ԿամԱԶ»-ը կայանել է Արցախի պողոտա 34/1 հացեի դիմաց և սեպտեմբերի 28-ին ավտոմեքենայի վրա աշխատանքներ անելու նպատակով գնացել է նշված հասցե և նկատել, որ մեքենան տեղում չէ. ըստ իրեն՝ այն անհայտ անձը կամ անձինք գողացել են։
Կարեն Մ․-ին պատճառվել է մոտ 15 հազար ԱՄՆ դոլարի նյութական վնաս։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և գողացված ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։