Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Իրականության խեղաթյուրում». Փաշինյանը՝ ՀՀ-ում հաղորդակցությունների անվտանգությունը 3-րդ երկրներին վստահելու մասին (տեսանյութ)

Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նախ կայացել է նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Բացի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից, ընդլայնված կազմով նիստին մասնակցել են նաև Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը և Ուզբեկստանի Կառավարության ղեկավար Աբդուլա Արիպովը:

Ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստին մասնակցելու համար։

Իրանի Իսլամական Հանրապետության ներգրավվածությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մեջ, անկասկած, ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները և վայելում մեր լիակատար աջակցությունը։

Թույլ տվեք Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների անունից ողջունել նաև Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության ղեկավար Աբդուլա Արիպովին։

Այսօր նախատեսվում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության միջև 2024-2026 թթ․ համատեղ գործունեության ծրագրի ստորագրումը, ինչը կնպաստի առևտրի ընդլայնմանը և տնտեսական համագործակցության զարգացմանը։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Կուբայի պատվիրակությանը։

Հարգելի գործընկերներ,

Հայկական կողմն առաջնային նշանակություն է տալիս փոխշահավետ համագործակցությանը հավատարիմ երրորդ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի կնքման շուրջ բանակցություններին։

Արտաքին կոնտուրի վրա փոխազդեցությունը հնարավորինս օպտիմալացնելու համար անհրաժեշտ է.

- իրականացնել երրորդ երկրների հետ առկա առևտրային համաձայնագրերի լրացուցիչ վերլուծություն՝ դրանց թերությունները բացահայտելու և բարելավման ուղղությունները որոշելու նպատակով։

- Մանրակրկիտ դիտարկել առևտրի ծավալները մեծացնելու նպատակով նոր դրույթների ներդրման հնարավորությունը։

- Սահմանել փոխգործակցության արդյունավետությունը գնահատելու հստակ չափանիշներ, ինչպիսիք են՝ առևտրի մակարդակը, ներդրումների հոսքերը և ենթակառուցվածքների զարգացումը:

Համագործակցության արդյունքների կանոնավոր մոնիթորինգը և գնահատումը կնպաստեն ռազմավարությունների և համաձայնագրերի ժամանակին ճշգրտմանը` ապահովելով առևտրային հարաբերությունների հուսալի և կայուն զարգացումը:

Հարգելի գործընկերներ,

Պետք է նշեմ, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում միասնական էներգետիկ շուկայի ստեղծման հարցի չլուծված լինելը զգալիորեն դանդաղեցնում է մեր երկրների տնտեսությունների աճի տեմպերը, որոնք կարող էին ավելի բարձր լինել, քան հիմա։

Կցանկանայի նշել նաև Հայաստանի համար արդյունավետ տրանսպորտային և լոգիստիկ քաղաքականության իրականացման արդիականությունը։

Բեռների առաքման ժամանակի կրճատման, Ասիայի և Եվրոպայի, Հյուսիսի և Հարավի միջև նոր այլընտրանքային տրանսպորտային հաղորդակցությունների որոնման տեսանկյունից կցանկանայի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Հայաստանի Հանրապետության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վրա։

Նախագծի նպատակն է՝ ստեղծել առավել բարենպաստ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև էապես մեծացնել տարածաշրջանի լոգիստիկ ներուժը՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության նկատմամբ լիարժեք հարգանքի, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը։ Ի դեպ, բոլոր հայտարարությունները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, ուղղակի իրականության խեղաթյուրում են։ Ցանկանում եմ նշել, որ նույնը վերաբերում է որոշ մեկնաբանությունների, թե իբր Հայաստանն ինչ-որ տեղ, երբևէ, ինչ-որ կերպ համաձայնել է սահմանափակել իր ինքնիշխանությունը տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում։ Այդպիսի բան երբեք չի եղել, և սա նույնպես իրականության ակնհայտ խեղաթյուրում է։ Հայաստանի պարտավորությունը հստակ է՝ երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անվտանգությունը, և մենք դա երաշխավորում ենք։

Նիստի հարգելի մասնակիցներ,

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին առավել մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ համանուն գրքույկներից, որոնք հասանելի են միջոցառման մասնակիցներին։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Այնուհետև նիստի մասնակիցները ստորագրել են ընդունված որոշումների արձանագրությունները: Որոշումները վերաբերել են հարկային, մաքսային վարչարարություններին, ինտեգրացիոն մեխանիզմներին, երրորդ երկրների հետ փոխգործակցությանը և այլ հարցերի: