Արթուր Ալեքսանյանի անվան սպորտային նոր համալիրի նախագծային թերությունները շտկվում են
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքաշինության կոմիտեն ձեռնարկել է միջոցներ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի» սպորտային նոր համալիրի կառուցման ծրագրում ի հայտ եկած նախագծային խնդիրները լուծելու և ծրագրի ընթացքը պատշաճ որակով ապահովելու համար։ Այդ նպատակով հոկտեմբերի 2-ին Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի և Ալբերտ Այվազյանի հետ շինհրապարակ են այցելել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Մասիս Աղայանցը, շինարարական ծրագրերի բաժնի պետ Ծերուն Թովմասյանը։ Նրանք դիտարկել են առկա վիճակը և հետևել մասնակի քանդման աշխատանքներին։
Քաղաքաշինության կոմիտեն ձեռք է բերել պայմանավորվածություն համալիրի նախագիծը հեղինակած ընկերության հետ, որի շրջանակում ընկերությունը համաձայնել է մշակել նախագծային նոր լուծումներ և փոխհատուցել պետությանը հասցված վնասները։ «Ծրագիրն իրականացնելիս նախագծային սխալ հաշվարկի պատճառով սպորտային հատվածի 3-րդ մասնաշենքի ծածկի սալը թույլատրելի սահմանից ավելի է ճկվել։ Չնայած շինարարությունն իրականացնող կազմակերպության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումներին՝ խնդրի համակողմանի ուսումնասիրման, հնարավոր հետևանքների գնահատման արդյունքում որոշվել է քանդել ծածկը։ Նախագծող կազմակերպությունն արդեն ներկայացրել է քանդման և նոր ծածկի կառուցման նախագիծ՝ պարտավորվելով սեփական միջոցներով հոգալ նաև շինարարական աշխատանքների ծախսերը»,-նշում է Քաղաքաշինության կոմիտեի շինարարական ծրագրերի բաժնի պետ Ծերուն Թովմասյանը։
Սպորտային համալիրի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակել է «Սարգիս և Մարիաննա» ՍՊ ընկերությունը Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի պատվիրատվությամբ։ Արդեն կառուցման աշխատանքներն իրականացվում են Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ «Գրիգորյանշին» ՍՊԸ-ի կողմից։
Ծրագրում ընդգրկված կազմակերպությունների առջև հստակ պահանջ է դրված՝ ստանձնած պարտավորությունները կատարել բարեխղճորեն, ժամանակին և պատշաճ որակով։ Քաղաքաշինության կոմիտեի մոտեցումը հստակ է՝ որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանք չի ընդունվելու։ Այս մոտեցումը կիսելու և թիմային աշխատանքով առաջնորդվելու դեպքում կոմիտեն պատրաստ է հնարավորինս աջակցել ծրագրի բարեհաջող իրագործմանը։
Կարևոր նշանակություն ունեցող այս համալիրի կառուցման ծրագիրը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ուշադրության կենտրոնում է։ Այս ընթացքում իրականացվել են համատեղ բազմաթիվ շրջայցեր և քննարկումներ։
Սպորտային նոր համալիրի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հունիսին։ Ծրագրի արժեքը 6,7 մլրդ դրամ է։ Նախագծի համաձայն՝ համալիրը բաղկացած է լինելու սպորտային, հյուրանոցային հատվածներից, բացօթյա մարզադաշտերից և լողավազանից։ Ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մարմնամարզության, ծանրամարտի և ըմբշամարտի դահլիճներ, մրցումային, հանգստի ու ժամանցի սրահներ և անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ:
Քաղաքաշինության կոմիտե