Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին:

Աննա Վարդապետյանը ողջունել է Իգոր Կրասնովին ՀՀ գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա փոխգործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ այն զարգացնելու մեծ ներուժ կա:

Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի կազմակերպման բարձր մակարդակի և ռուսական պատվիրակությանը ցուցաբերած հյուրընկալության համար։ ՌԴ գլխավոր դատախազի խոսքով՝ երկու երկրների դատախազությունների միջև ջերմ հարաբերությունները նպաստում են երկու գերատեսչությունների միջև արդյունավետ փոխգործակցությանը:

Ստորագրելով համագործակցության նոր՝ 2025-2026 թվականների ծրագիրը՝ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները պայմանավորվել են առավել մեծ ուշադրություն դարձնել գիտակրթական ոլորտում կապերի ամրապնդման վրա։

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Հայաստանի Հանրապետությունից դուրս բերված և Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի արգելադրման և բռնագանձման, կոնկրետ կոռուպցիոն գործերով իրական և շոշափելի համագործակցության անհրաժեշտությունը: Աննա Վարդապետյանը նշել է, որ երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու համար անհրաժեշտ պայման է իրավական փոխօգնության երկկողմ բնույթը:

Հանրային կապերի բաժին