Բացել լրահոսը Փակել լրահոսը
73
A A
Տնտեսություն

100 մլն դոլարի վարկ՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց համաձայնագրին

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրին, որով Հայաստանը նախատեսում է ներգրավել 100 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ: 

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը:

«Խոսում ենք 100 մլն դոլար վարկի մասին: Սա ծրագիր է՝ տնտեսության ներուժի բարձրացման ուղղությամբ: Դրա ներքո իրականացվելու են բարեփոխումներ, որոնք ուղղված են տնտեսության ներուժի բարձրացմանը»,-ասաց Հակոբյանը:

Վարկը տրամադրվում է 4 տոկոս ֆիքսված տոկոսադրույքով, 20 տարի ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ:

Ծրագրի շրջանակներում թիրախավորված է արտահանման բաղադրիչը: Ծրագրի շրջանակներում Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է արտահանման ռազմավարության հայեցակարգ: «Դա նաև գալիս է՝ փարատելու արտահանման շուկաների դիվերսիֆիկացման հարցը»,-նշեց փոխնախարարը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում:

Երկրորդ ծրագիրը ներդրումների ներգրավման վերաբերյալ է: Նշվում են այն կարևոր միջոցառումները, որ կառավարությունը պետք է իրականացնի ներդրումների խթանման ուղղությամբ:

Երրորդ ուղղությունը տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերություններին պետական աջակցության տրամադրումն է: