Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 12-ը հոկտեմբերի․ Զինդատախազն ասում էր «Հոկտեմբերի 27-ի թիկունքում․․․իրենք են»․ Ալբերտ Բազեյան (տեսանյութ)

1997-ի հոկտեմբերի 12-ին Կինոյի տանը ընդդիմությանը հանգիստ չեն տալիս Արցախի հարցի լուծման մասին Տեր-Պետրոսյանի պատկերացումներն։ Բոլորը համոզված են, որ նախագահն ուզում է Ղարաբաղը տալ Ադրբեջանին:

Նույն օրն ԱՕԿՍ-ի շենքում մտավորականներն սկսում են զրույցների շարք նվիրված համաշխարհային արվեստի եւ գիտության դեմքերին։Առաջինը կխոսեն Վիլյամ Սարոյանից։ Եվ այդպես ամեն ուրբաթ։

Զինված մարդկանց մեկ տասնյակից ավելի մի խումբ 1998-ի այս օրերին գրոհել է Ծովագյուղը։ Գյուղն անհանգիստ է, մարդիկ չգիտեն, թե ովքեր են նրանք։ Բնապահպանության նախարարությունն ընդունում է, որ դրանք իր մարդիկ են, նրանք եկել էին Սեւանա լճից ապամոնտաժելու ապօրինի ձկնորսության ուռկանները։ Գյուղացիները պնդում են, որ այդ մարդիկ կրակել են իրենց վրա։ Հոկտեմբերի 10-ին զայրացած ծովագյուղցիները փակել են Սեւան-Դիլիջան մայրուղին:

1999-ի հոկտեմբերի 12-ին ձերբակալվում է «Նաիրիտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Ներսիսյանը։ Ձերբակալությունից հետո նրա առողջական վիճակը վատացել է եւ նրան տեղափոխել են սրտաբանական ինստիտուտ։ Դատախազության մամուլի քարտուղարը չի ասում, թե որն է Ներսիսյանի մեղքը։

1999-ի այս օրը ՄԱԿ-ի խորհրդանշորեն ընտրված Սարաեւո քաղաքում ծնվում է Երկիր մոլորակի 6 միլիարդերորդ բնակիչը։Երեւանը դիսկոտեկով է նշում 6 միլիարդերորդի ծնունը։ Հավաքվածներն, իհարկե, շատ չեն։ Երգչուհիներից մեկն ասում է՝ եթե մարդիկ չեն ուզում ուրախանալ, ոչինչ նրանց չի ուրախացնի։

Խորհրդարանի ծանր հրետանին՝ Վերահսկիչ պալատը, 1999-ի այս օրը ներկայացնում է 1998 թվականի հաշվետվությունը։Պալատի նախագահը բացարձակ անարդյունավետ է համարում Հրազդան ՊՇԷԿ-ի 57 միլիոն դոլարանոց եւ գյուղատնտեսական մեծածախ շուկայի վարկերը։ Պատգամավորներին հետաքրքիր է՝ ովքե՞ր են պատժվել սրա համար։ Պարզվեց 20 հոգի միայն ազատվել է աշխատանքից։ Աշոտ Թավադյանն ասում է՝ մենք պատժող չենք, կանխարգելող ենք։ Ազգային Ժողովի պատգամավոր Արթուր Բաղդասարյանը խոսում է Վերահսկիչ Պալատի վրա գործադրվող ճնշումների մասին։ Ինքը փաստեր չունի, այդ ճնշումներն ինքը զգում է տեքստերում, խոսակցություններ էլ է լսել, որոնք ինքը հրապարակելու իրավունք չունի,

2000-ի այս օրը պատասխանատվության միայն մեկ եղանակ գիտի «Օրինաց երկրի» առաջնորդը։

Փախստականների խաղաղ ցույցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ նախորդ օրվանից այլեւս խաղաղ չէ։Ցուցարարներն ասում են, որ իրենց պարբերաբար ենթարկում են սադրանքների։

2000-ի այսօրն արդեն ՄԱԿ-ն անցնում է գրոհի՝ քանդում է փախստականների իր տարածքում տեղադրված վրանները։ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է աշխարհի արխիվներում հայոց ցեղասպանության մասին փաստերի մեծ ծավալի մասին։Ամերիկայում 2000-ի այս օրերին խոսում են Ներկայացուցիչների պալատում մեր ցեղասպանության մասին բանաձեւ ընդունելու մասին։ Ըստ Հովհաննիսյանի, ամերիկացիները դա ուզում են անել ի սրտե։ Ներկայացուցիչների պալատում քննարկվող ցեղասպանության մասին բանաձեւը Թուրքիա մեկնող հայերի համար կարող է խնդիրներ հարուցել։

2000-ի այս օրերին հարեւան պետությունն արդեն հայտարարել է իր երկիր ժամանող հայերին վիզա տրամադրելու նոր կարգ իրականացնելու մասին։ Նրանք այլեւս սահմանակետում վիզա չեն ստանա, պետք է դիմեն Թուրքիայի ներկայացուցչություն, որը Հայաստանում չկա։ Մեկնող հայերը փոքր-ինչ վախեցած են, կարող է այլ վերաբերմունքի արժանանան։

Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը 2001-ի հոկտեմբերի 12-ին հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ի թիկունքում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են։ Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն էլ է դա հաստատել։

2002-ի հոկտեմբերի 12-ին 6-օրյա ոչ պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը։ «Հայաստանի նախագահ Ռոբերտ Սեդրակովիչի հետ մենք ընկերներ ենք: Նա ինձ հրավիրեց, ես ու Նաինան մեծ ուրախությամբ ընդունեցինք այդ հրավերը», - օդանավակայանում լրագրողներին ասաց 71-ամյա Բորիս Ելցինը:

2009-ի այս օրերին Արցախի ազատամարտիկների միության երիտասարդ անդամները լսել անգամ չեն ուզում ազատագրված տարածքները հանձնելու մասին ։ Որպես ապացույց իրենց խոսքի՝ նրանք սահմանին խրամատ են փորում։

2012-ի հոկտեմբերի 12-ին իշխանությունը վերջապես արձագանքում է 5 տարի առաջ սկսված ռուսական «Համերկրացիներ» ծրագրին, որով Հայաստանի քաղաքացիներն արտոնյալ պայմաններով տեղափոխվում եւ ապրում են Ռուսաստանում։ Խոսքը տարբեր տվյալներով արդեն Ռուսաստանում ապրող 2 հազարից մինչեւ 20 հազար Հայաստանի քաղաքացու մասին է։