Օրացույց․ 16-ը հոկտեմբերի. Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձավ նախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1991-ի հոկտեմբերի 16-ին Հայաստանում տեղի են ունենում նախագահի առաջին ընտրությունները։ Անկախության հռչակագրում նախագահի ինստիտուտի մասին ոչ մի խոսք չկար։ Թեկնածուները 6-ն էին։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Գերագույն խորհրդի նախագահ Տեր-Պետրոսյանը նախագահ ընտրվեց ձայների ճնշող մեծամասնությամբ՝ հավաքելով ավելի քան 80 տոկոս։
Ընտրություններին հաջորդած բողոքի միակ գործողությունը կազմակերպեց երկրորդ տեղն զբաղեցրած Պարույր Հայրիկյանը, որը սեւ դրոշներով իր փոքրաթիվ կողմնակիցներին հավաքեց Բաղրամյան-26-ի մոտ։ Նա հայտարարեց, որ ընտրությունները կեղծված են, քանի որ Պառավաքարում իր հանդեպ բռնություն է գործադրվել։
1996-ի հոկտեմբերի 16-ին ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հանդես են գալիս մամուլի համատեղ ասուլիսով։ Թեման նախորդ ամսվա վերջին տեղի ունեցած նախագահի ընտրություններն են, որոնք ուղեկցվեցին կեղծիքներով եւ բռնություններով։ Ընդդիմությունը հույս է հայտնում, որ Սահմանադրական դատարան ներկայացված իր հայցը Գագիկ Հարությունյանը կքննարկի անաչառ եւ օբյեկտիվ։
Եվրախորհրդի քարտուղարությունը մեր արտգործնախարարության հետ 1997-ի այս օրը կազմակերպած սեմինարում փորձում են ուղենշել դատախազության դերը Հայաստանի կյանքում։ Այդ կառույցը դեռ նույնիսկ իր մասին օրենք չունի։ Իտալիայի դատախազը ներկայացնում է իր պայքարն իտալական մաֆիայի դեմ։
Մեր Սահմանադրական դատարանի անդամ Հենրիկ Խաչատրյանը վստահ է, որ դատախազությունը պետք է զբաղվի իրավապաշտպանությամբ: «Հայաստանի Հանրապետություն» թերթի խմբագիր Լիզա Ճաղարյանի պաշտոնանկության հետ չհամաձայնվող լրագրողները հավաքվել են նախագահի նստավայրի մոտ։ Նրանք ուզում են, որ Ռոբերտ Քոչարյանը վետտո դնի Խոսրով Հարությունյանի որոշման վրա։ Քոչարյանն ընդունել է նրանց եւ ասել՝ իրավունք չունեմ, դիմեք դատարան:
1996-ի այս օրերին Երեւանի կենտրոնում վերանորոգվում է իրանական Կապույտ մզկիթը։ Շինարարության համար Հայաստանի կառավարությունը տրամադրել է 40 հազար դոլար։ Հընթացս ոչնչացվում է այս հիանալի բարդին, շրջակա շենքերի երեխաները զրկվում են իրենց բակերից։ Երկու տարի հետո հոկտեմբերի 16-ին հայ-իրանական հավերժ բարեկամության գլխին լուրջ սպառնալիք է կախված հանձին տիկին Ղուշողլյանի բնակարանի քանդված պատի։ Իրանական մզկիթի շինարարության պատճառով քանդվել է տիկնոջ բնակարանի պատը։ Մեր դատարանը Իրանի դեսպանատանը պարտավորեցրել է վճարել փոխհատուցում ավելի քան 4 միլիոն դրամի չափով։ Դեսպանատունը հրաժարվում է վճարել։
Առաքելական եկեղեցու Հոգեւոր Գերագույն Խորհուրդը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքող քահանաներին 1999-ի այս օրը կոչ է անում դադարեցնել բողոքը՝ դա եկեղեցականին հարիր պահվածք չէ։ Բողոքող քահանաները եկեղեցուն հակադարձում են՝ մի դատիր, որ չդատվես։ Նրանք նաեւ հիշեցնում են, որ իրենց բողոքը Հայաստանի իշխանության դեմ է, ոչ թե՝ եկեղեցու:
2000 թվականի այս օրերին Հայաստանում հայտարարված է Ավետիք Իսահակյանի գրականության միամսյակ։ Պանթեոնում թաղված բանաստեղծի շիրմին Սիլվա Կապուտիկյանը կարդում է՝ մեր Պանթեոնը փոքր է ու տխուր։
2000-ի այս օրը Ռուսաստանի պետական կրկեսի հյուրախաղերով Երեւանի պետական կրկեսն իր խաղաշրջանը համարում է բացված։ Մեր պետկրկեսը գրեթե դերասաններ չունի, չունի նաեւ կենդանիներ։ Եվ ռուսական խմբին ամեն ներկայացման համար պետք է վճարի 900 դոլար, մինչդեռ յուրաքանչյուր ներկայացման համար ծախսվում է 1200 դոլար: Նույն օրը Հայաստանը եւ Ռուսաստանը ստորագրում են մի պայմանագիր, որով Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում հնարավորություն են ստանում աշխատել Ռուսաստանի քաղաքացիներին հավասար կարգավիճակով։ Այսպիսի պայմանագիր Ռուսաստանը առայժմ կնքում է միայն Հայաստանի հետ։ Վերոհիշյալ պայմանագիրը վավերացնելիս Պետդուման առաջին ընթերցման ժամանակ վետտո էր դրել դրա վրա։ Երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի ամբողջ տարածքում մետրային ալիքով կվերականգնվի Ռուսաստանի Հանրային հեռուստաընկերության հեռարձակումը։ Ռուսաստանը խոստանում է, որ ՕՌՏ-ի ազդանշանը հայաստանի տարածքում կլինի նախկինից ավելի լավ որակով։ Ռուսները շահագրգռված են մեծացնել իրենց տեղեկատվական ներկայությունը Հայաստանում, փոխարենը հայ լրատվամիջոցներն աջակցություն կստանան:
2007-ի այս օրը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելում է «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան բյուրո եւ զրուցում խմբագրության աշխատակիցների հետ։ Սակայն նա հրաժարվում է ասել՝ կառաջադրվի՞ մյուս տարվա փետրվարի նախագահի ընտրություններին, թե՝ ոչ։ Նույն օրը նա հանդիպում է նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ։
2009-ի այս օրը սահմանադրագետ Վարդան Պողոսյանը գնահատում է 18 տարի առաջ նույն օրը տեղի ունեցած նախագահի ընտրությունների ազդեցությունը Ղարաբաղյան պատերազմում հայկական ուժերի տարած հաղթանակի վրա: