Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I2182
A A
Պաշտոնական

Կառավարությունը նախատեսում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունման արդյունքում կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները, կապահովվի վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների արդյունավետությունը, կբարձրանա այդ գործընթացների տնտեսական արդյունավետությունը, կխնայվեն ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև կփոփոխվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործերի քննության համար պետական տուրքի չափերը։  Նախագծերով առաջարկվում է, մասնավորապես՝ սահմանել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ։ Նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային ներկայացնելու հնարավորություն, որի պարագայում իրավասու մարմինը ստուգելու է դրանց ամբողջականությունը, բացառում դիմումատուի ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, որից հետո նոր միայն դիմումատուն հնարավորություն է ստանում հերթագրվելու և փաստաթղթերը անձամբ ներկայացնելու լիազոր մարմին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։ Ընդ որում՝ հնարավորություն է ընձեռնվում նաև քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր տեսակի հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ Պետական եկամուտների կոմիտե, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն և այլն, իրականացնել նախապես՝ էլեկտրոնային եղանակով, ուստի, դիմումատուն կկարողանա մինչև դիմումի հանձնելը տեղում տեսնել իր վերաբերյալ պարտավորությունների առկայությունը, մարել դրանք, նոր ներկայացնել փաստաթղթերը։ Սա ոչ միայն արագացնում է քաղաքացիության գործերի քննության հնարավորությունը, այլ նաև պարզեցնում է գործընթացը։

 

Նախագծով նախատեսվում է նաև էլեկտրոնային հայտի նախնական ուսումնասիրության փուլում փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում դրանք համալրելու 15-օրյա ժամկետ, իսկ ամբողջականությունը նշված ժամկետում չապահովելու դեպքում դիմումի ընթացքի դադարեցում՝ օրենքով սահմանված կարգով՝ կրկին հայտ ներկայացնելու հնարավորություն։  Գործող օրենքը սահմանում է, որ եթե ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո՝ 5 տարվա ընթացքում պարզվի, որ անձը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր կամ առկա են քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը մերժելու օրենքով նախատեսված հիմքեր, ապա լիազոր մարմինը նախաձեռնում է անձի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու գործընթաց, որի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով: Ներկայացվող օրինագծով նախատեսվում է հինգ տարի ժամկետը փոխարինել տասը տարի ժամկետով, քանի որ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու փաստը պարզվում է անձնագրի փոխանակման ժամանակ /անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով/ և 5 տարվա վաղեմության ժամկետն անցած լինելու փաստով պայմանավորված անհնար է լինում քաղաքացիությունը դադարեցնելու գործընթաց սկսելը։

 

Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը և սահմանել, համապատասխանաբար, 50000 և 150000 դրամ համապատասխանաբար 1000 դրամ և 25000 դրամի փոխարեն։ Ինչպես արդեն նշվեց, այս մասով գործող տուրքի չափերը սահմանվել են 1997 թ. և շուրջ 30 տարվա ընթացքում որևէ վերանայման չեն ենթարկվել։

 

Ներքին գործերի նախարար  Վահե Ղազարյանը նշել է, որ պետական տուրքի վերանայման կարգավորումն առաջարկվում է չտարածել փախստականների, այս թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ: Առաջարկվում է նաև փախստականներին ազատել քաղաքացիության շնորհման դիմելու տուրքի վճարման պահանջից, ինչը դրականորեն կանդրադառնա թե՛ տվյալ անձանց, թե՛ ՀՀ միջազգային վարկի վրա:

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է անձնագրային բաժանմունքներում գոյացող հերթերին և հետաքրքրվել, թե խնդիրն ինչպե՞ս է  կարգավորվել:  ՆԳ նախարարը վստահեցրել է՝ հերթերը բավականին թեթևացել են, որոնք հիմնականում կապված են եղել ամառային սեզոնին հանգստի հետ:

 

 Կառավարության ղեկավարն այդ համատեքստում ընդգծել է՝ անձնագիր փոխելը չի կարելի թողնել վերջին պահին և կարելի է ժամանակ առ ժամանակ այդ մասին հիշեցնել քաղաքացիներին:

 

Վարչապետը հետաքրքրվել է  նաև շրջիկ անձնագրային ծառայության գործունեությունից, ինչին ի  պատասխան Վահե Ղազարյանը տեղեկացրել  է՝  ստեղծվել է մեկ շրջիկ գրասենյակ և  մոտ ժամանակներս այլ  գրասենյակներ ևս կլինեն, որտեղ, բացի անձնագրային ծառայություններից,, հնարավոր կլինի նաև ստանալ զենքի թույլտվություն, վարորդական վկայական փոխել: