Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 22-ը հոկտեմբերի․ Դավիթ Շահնազարյանը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը (տեսանյութ)

1994-ի այս օրերին Հայաստանյան իրականության մաս է դառնում հայկական անձնագիրը: Առաջին ստացողները 16 տարեկան երեխաներն են: Անձնագրի լեզուն հայերենն ու անգլերենն են: Այս անձնագրով Հայաստանի քաղաքացին իրավունք ունի մեկնել աշխարհի ցանկացած երկիր, լուսանկարը գունավոր է, որի տակ հատուկ կոդ կա, որով համակարգիչը ճանաչում է անձնագրի տիրոջը։

1997-ի այս օրը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունում է ԵԽԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի պատվիրակությանը: Եվրոպացիներին նախագահը տեղեկացնում է, որ Հայաստանում մեկ միլիոն չքավոր մարդ կա: Փոխարենը նախագահը նկատում է, որ Հայաստանի ներքաղաքական վիճակը կայուն է: Հայկական բանակը մարդու իրավունքների ամենաանպաշտպան ոլորտն է:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն 1997-ի այս օրը հայտարարում է, որ Պաշտպանության նախարարությունը տաբու է դրել խաղաղ ժամանակ զոհված զինծառայողների թվի եւ տվյալների վրա: Այդ ժամանակ տեղի ունեցած սպանությունների մասին բանակի ղեկավարության ամենատարածված ձեւակերպումն, ըստ կոմիտեի, «ձեր տղան ինքնասպան է եղել» արտահայտությունն է:

21-րդ դար կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը մեղադրում է արտաքին քաղաքական հայեցակարգ չունենալու մեջ: Ըստ Շահնազարյանի, ավելի լավ է ունենալ ոչ ճիշտ հայեցակարգ, քան ընդհանրապես չունենալ։

1998-ի հոկտեմբերի 22-ին Ռոբերտ Քոչարյանն ընդունում է Երկրապահ պատգամավորական խմբին եւ հայտարարում, որ նրանք խորհրդարանում կառավարության հենարանն են:

1998-ի այս օրերին «Նաիրիտ» գործարանը դադարեցնում է աշխատանքը «հիմնական վերանորոգման» անվան տակ: Գործարանի արտադրանքը դեռ պահանջարկ ունի, սակայն այն նույնիսկ իր աշխատողների աշխատավարձը չի կարողանում տալ, փոխարենն առաջարկում են գորգեր, գարեջուր եւ հագուստ։

1998-ի հոկտեմբերի 22-ին վթար է տեղի ունենում Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում: Թռիչքի մեկնարկին Երեւան-Կրասնոդար չվերթի ՅԱԿ-40 ինքնաթիռը 120 մետր ընթանալուց հետո բախվել է թռիչքուղու վրա պատահաբար հայտնված ՈՒԱԶ մակնիշի ռազմական մեքենային: Վթարի արդյունքում մեքենայի մեջ գտնվող 9 զինծառայողներից երկուսը զոհվում են տեղում, երկուսը՝ հիվանդանոցի ճանապարհին: «Փարոս» համակարգում ամենաբարձր միավորներ ունեցող անապահովներին 2001-ի այս օրերին ՄԱԿ-ի պարենային ծրագրով բաժանվում է 25 կիլոգրամ ալյուր եւ երկու լիտր ձեթ: Չստացողները դժգոհ են՝ ինչո՞վ ենք ավելի ապահով անապահովներից։

2001-ի հոկտեմբերի 22-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվում է կենսաթոշակի անցած զինծառայողների բողոքն ընդդեմ Կառավարության: Պատճառն այն է, որ օրենքի ուժով 30-ից 60 տոկոսով կրճատել է իրենց կենսաթոշակները: Սա, ըստ հայցվոր կողմի, հակասության մեջ է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի հետ: Դատարանը մերժում է բողոքը։

2002-ի հոկտեմբերի 22-ին Երեւանի կենտրոնում նռնակի պայթյունից վիրավորվում է լրագրող Մարկ Գրիգորյանը: Վերջինս հիվանդանոցում հիշում է, որ պայթել է ոչ թե նռնակ, այլ` սպիտակ շիշ: Պայթյունից հետո տուժողը ինչ-որ տարօրինակ հոտ է առել: Հիվանդանոցից հայտնում են, որ լրագրողի կյանքին վտանգ չի սպառնում:

2007-ի հոկտեմբերի 22-ի առավոտյան Հայաստանում շեշտակի բարձրանում են շաքարավազի գները՝ կիլոգրամը 250 դրամից դառնում է 400 դրամ: Խանութների վաճառողներն ասում են, որ նախորդ օրվա գիշերն իրենք տեղյակ չէին, որ այսօր շաքարավազի գները բարձրանալու են:

2009-ի հոկտեմբերի 22-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մերժում է այն մեղադրանքը, թե ինքը խախտել է օրենքը եւ ներգրավել քաղաքականության մեջ: Հարությունյանը նոր է վերադարձել Սերժ Սարգսյանի սփյուռքյան շրջագայությունից։ 2010-ի այս օրը Ազգային Ժողովն իր նիստերը գումարում է վերանորոգված դահլիճում: Բացմանը ներկա Սերժ Սարգսյանը հույս է հայտնում, որ նոր դահլիճում կլինեն քննադատադություններ: