Հայաստանում խոսքի ազատության վիճակը և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2024 թվականի երրորդ եռամսյակային զեկույցի մասին
2024թ․ երրորդ եռամսյակը լրագրողների գործունեության համար եղել է համեմատաբար հանդարտ ժամանակաշրջան, ինչը մեծապես պայմանավորված էր նրանով, որ Հայաստանում դադարել էին ներքին խժդժությունները, բողոքի ակցիաները և որպես կանոն դրանց զուգորդող ընդհարումները։ Այսպես` հուլիս-սեպտեմբեր ամիսներին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնության ոչ մի դեպք չի գրանցվել։ Նվազել են տարատեսակ այլ ճնշումների դեպքերը․դրանք 11-ն են, ինչը 2,5 անգամ պակաս է նախորդ եռամսյակի ցուցանիշից։ Սակայն կրկնակիից ավելի աճել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները՝ հասնելով 41-ի։
Եռամսյակի ընթացքում դարձյալ արձանագրվել են լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումներ պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների կողմից։ Այս փաստերը ազատ խոսքի, այլակարծության հանդեպ անհանդուրժողականության վկայություններ են։
Լուրջ խնդիր է մնում լրատվամիջոցների բևեռացվածությունը, ինչը չի նպաստում իրադարձությունների անաչառ լուսաբանմանն ու երկրում որակյալ լրագրության տարածմանը։ Բազմաթիվ լրատվամիջոցներ ու լրագրողներ չեն ընդունում մասնագիտական էթիկայի նորմերը, չեն հետևում դրանց, և դա խոչընդոտ է ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացման համար։ Իրավիճակի բարելավմանն է միտված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը մշակվել է մի շարք լրագրողական կազմակերպությունների, Արդարադատության նախարարության և ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի համագործակցությամբ։ Այն ուղարկվել է ՀՀ կառավարություն, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով՝ վերջինիս փորձագիտական եզրակացությունը ստանալու նպատակով։
Դիտարկվող ժամանակահատվածի դրական առանձնահատկություններից է ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական նոր հայցերի քանակի նվազումը։ Այդ հայցերի թիվը 6-ն է (երկրորդ եռամսյակում 17 էր)՝ բոլորը զրպարտության և վիրավորանքի հիմքով։ Հայցվորների մեջ է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը լրատվամիջոցների դեմ դատական հայց ներկայացրած պաշտոնյաների շարքում առաջատարներից է։
Լրագրողների համար խնդրահարույց է մնում պետական մարմիններից տեղեկություններ ստանալը։ Սա լուրջ խոչընդոտ է հանրային հնչեղություն ունեցող թեմաների լուսաբանման համար և հաճախ ապատեղեկատվության պատճառ է դառնում։ Դիտարկվող եռամսյակի ընթացքում այդպիսի ցայտուն օրինակ էր հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ ոստիկանության գործողությունների և հատուկ միջոցների կիրառման մասին ԶԼՄ-ների հարցումները անտեսելը կամ դրանց ոչ պատշաճ, որոշ դեպքերում նաև՝ ապակողմնորոշող պատասխաններ տրամադրելը։ Այս առումով նախևառաջ աչքի ընկան Ներքին գործերի և Առողջապահության նախարարությունները, որոնք հարցումներին «լղոզված» պատասխաններ ուղարկելով՝ փորձեցին ժամանակ շահել և ի վերջո փոփոխություններ կատարեցին իրենց ներքին իրավական ակտերում, որպեսզի հատուկ միջոցների կիրառումը հիմնավորված համարվի, իսկ օրինականության հետ կապված խնդիրները չբարձրաձայնվեն։
2024 թ. խախտումների քանակական տվյալներն ըստ եռամսյակների
Խախտումների տեսակները |
1-ին եռամսյակ
|
2-րդ եռամսյակ
|
3-րդ եռամսյակ |
Ընդամենը |
Ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ |
0 |
14 |
0 |
14 |
Ճնշումներ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ |
17 |
26 |
11 |
54 |
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ |
41 |
19 |
41 |
101 |
2024 թ. ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական գործեր
Դատական գործերի տեսակները |
1-ին եռամսյակ |
2-րդ եռամսյակ
|
3-րդ եռամսյակ
|
Ընդամենը |
Վիրավորանքի և զրպարտության հիմքով |
12 |
17 |
6 |
35 |
Տնտեսական կամ այլ վեճեր |
0 |
0 |
0 |
0 |
Եռամսյակի ուշագրավ իրադարձություններից էր հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել լրագրող Արմեն Քոլոյանը։ Մրցույթի 8 մասնակիցներից 2-ը՝ լրագրող Լուսինե Պետրոսյանը և Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, մտադրություն են հայտնել դատական ճանապարհով վիճարկել մրցույթի արդյունքները՝ կասկածներ հայտնելով դրա օբյեկտիվության առնչությամբ։ Դատական հայց ներկայացրել է դեռևս միայն Լուսինե Պետրոսյանը։
Հետաքրքիր զարգացումներ են արձանագրվել Էլեկտրիկ Երևանի իրադարձությունների՝ 2015թ․ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանական գործողությունների հետևանքով տուժած լրագրողների գործով։ Հիշեցնենք՝ այդ լրագրողներից 3-ը դիմել էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, որը ցայսօր ներկայացնում է նրանց շահերը։ Մեկ գործը Եվրոպական դատարանում է։ Իսկ մյուս 2-ը 2020թ․ ուղարկվել էին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե, որտեղից էլ ս․ թ․ սեպտեմբերի 4-ին հարցում է ստացվել առ այն, թե արդյո՞ք ԽԱՊԿ-ը շարունակում է պնդել, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն անդրադառնա տուժած լրագրողների պաշտպանության խնդրին։ Ստանալով դրական պատասխան՝ այդ միջազգային ատյանը խնդրել է տրամադրել գործում առկա փաստաթղթերի անգլերեն թարգմանությունը, ինչն արվել է։ Սա հույս է ներշնչում, որ շուրջ 10 տարի առաջ լրագրողների նկատմամբ կիրառված վայրագությունները կստանան այս կառույցի իրավական գնահատականը։