«Հեզբոլլահ»-ը նոր ղեկավար ունի
Աջակցիր «Ա1+»-ինԼիբանանյան «Հեզբոլլահ»-ի նոր ղեկավար է ընտրվել խմբավորման գլխավոր քարտուղարի տեղակալ շեյխ Նայիմ Քասեմը, որն ավելի քան 30 տարի եղել է շարժման բարձրաստիճան պաշտոնյա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Քասեմը «Հեզբոլլահ»-ի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 1991 թվականին՝ զինված խմբավորման այն ժամանակվա գլխավոր քարտուղար Աբբաս ալ Մուսավիի կողմից, որն իսրայելական հարվածից սպանվել էր հաջորդ տարի։ Երբ «Հեզբոլլահ»-ի ղեկավար էր դարձել Հասան Նասրալլահը, Նայիմ Քասեմը պահպանել էր իր պաշտոնը։ Նա «Հեզբոլլահ»-ի հիմնական խոսնակներից է և հարցազրույցներ է տվել արտասահմանյան տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ Իսրայելի հետ հակամարտության վերջին մեկ տարվա ընթացքում։
«Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահը սպանվել էր սեպտեմբերի վերջին Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով։ Նասրալլահի մահից հետո տեղեկություններ էին տարածվել, որ նրան կփոխարինի Հաշեմ Սաֆիեդդինը, որը զբաղեցնում էր շարժման գործադիր խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Սակայն հոկտեմբերի 23-ին «Հեզբոլլահ»-ը հաստատել էր, որ իսրայելական հարվածից սպանվել է նաև Սաֆիեդդինը։