Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՅԴ-պաշտոնական-լոգո-զինանշան-2-1024x576 (1)
A A
Պաշտոնական

Lիբանանահայությանն օժանդակության ձեռք մեկնելը պետք է համարել բոլորիս պարտքը. հայտարարություն

ՀՅԴ Բյուրոյի կոչը

2019-ի հոկտեմբերից սկսած Լիբանանի տագնապը նոր եւ վտանգավոր դրսեւորումներով է ներկայանում այսօր:

2024-ի սեպտեմբերից ի վեր երկիրն անընդհատ ենթակա է հարձակումների, եւ Լիբանանում ամբողջապես տիրում է պատերազմական վիճակ:

Հարավային Լիբանանից՝ Բեյրութ եւ նրա հարավային արվարձանները, Բեքա, Բաալբեկ եւ բազմաթիվ այլ տարածքներ ենթարկվում են բազմաթիվ ռմբակոծումների: Զոհերի թիվը մինչեւ այսօր հասնում է շուրջ 3.000-ի, վիրավորներինը՝ 13.000- ի: Ամբողջությամբ քանդվել են բնակելի շենքեր, այրվել հողատարածքներ: Ներքին գաղթականների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցել է 1.200.000: Գաղթականներն ապաստանում են համեմատաբար ավելի ապահով շրջաններում, Լիբանանի ամբողջ տարածքում՝ ներառյալ Բուրջ Համուդ, Այնճար եւ այլ հայաբնակ թաղամասեր: Հայ քաղաքացիները եւ հայկական շրջաններն մինչ օրս պատերազմից լուրջ վնաս չեն կրել:

Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական կոմիտեն տեղում անմիջականորեն հետեւում է երկրի կացությանը, քաղաքական, ռազմական եւ սոցիալական իրավիճակին. ազգային իշխանությունների, հայկական կուսակցությունների, ուղեկից միությունների, ինչպես նաեւ բարեգործական հաստատությունների հետ առկա մնայուն կապն ու գործակցությունը նպաստում են գաղութի անվտանգության պահպահմանը եւ գոյացած դժվարություններին լուծումներ գտնելու աշխատանքին:

Այդուհանդերձ, կացությունը շարունակում է մնալ խիստ մտահոգիչ, եթե նկատի ունենանք անմիջական քաղաքական լուծումների բացակայությունը: Այսինքն՝ դիմագրավում ենք լուրջ տագնապ:

Անհրաժեշտ է ամրապնդել անվտանգության աշխատանքը:

Անհրաժեշտ է բաց պահել մեր կրթական հաստատությունները:

Անհրաժեշտ է հասնել կարիքավորներին, որոնց թիվը, բնականաբար, կավելանա ժամանակի ընթացքում:

Մեր կազմակերպությունը՝ իր ակումբներով, գրասենյակներով եւ կառույցներով, ուղեկից միություններով (ՀՕՄ-ԼՕԽ, ՀՄԸՄ եւ Համազգային), աշխույժ աշխատանք տանելով հանդերձ, իր կարողությունների նվազագույն աստիճանին հասած լինելով, գոյատեւելու լուրջ խնդիր ունի:

Ժողովուրդը սոցիալական եւ տնտեսական ծանրագույն պայմանների մեջ է: Գործատուներն ու առեւտրական հաստատությունները փակված են կամ դիմագրավում են փակվելու վտանգը: Գործազրկությունն աճել է, ապրանքների, բնակարանների վարձերն անհամեմատ բարձրացել են, կենցաղային դրությունը գաղթականներերի առկայության պատճառով՝ բարդացել:

Չնայած այս վիճակին՝ անհրաժեշտ է ոտքի մնալ: Միասնաբար պարտավոր ենք զորակցել մեր կառույցների գոյատեւմանը, առանց որոնց Լիբանանի հայությունը լրջորեն կվտանգվի:

Ավելորդ է մեկ անգամ եւս կրկնել, ընդհանրապես, միջինարեւելյան եւ, մասնավորապես, Լիբանանի գաղութների համահայկական կարեւորության մասին: Հետեւաբար, ներկա դժնդակ պայմաններում լիբանանահայությանն օժանդակության ձեռք մեկնելը պետք է համարել բոլորիս պարտքը:

Այս նպատակով մեր մի շարք շրջաններում արդեն իսկ սկսվել է հանգանակություն. հանգանակություն շուտով կսկսվի նաեւ այլ շրջաններում: Կոչ ենք ուղղում մեր ժողովրդին՝ այս նոր ճգնաժամի պահին գործուն մասնակցությամբ զորավիգ կանգնել լիբանանահայությանը։

Հ.Յ.Դ. ԲՅՈՒՐՈ