Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը. նա քաղաքականությամբ է զբաղվելու
Աջակցիր «Ա1+»-ինՎրացի հայտնի ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն 2015 թվականից ի վեր առաջին անգամ չի մասնակցի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, տեղեկացնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։
Նշվում է, որ երեք ամիս առաջ Փարիզում իր երրորդ օլիմպիական մեդալը նվաճելուց հետո գրեթե չի մարզվել և ընդգրկված չէ Բահրեյն մեկնող ծանրամարտիկների թվում․ 2024 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ից 15-ը։
Նշվում է, որ նա կենտրոնացել է քաղաքականության վրա, ընտրվել է պատգամավոր իշխող կուսակցությունից և մտածում է այդ ոլորտում նոր կարիերա սկսելու մասին։ Հարցազրույցում նա ասել է, որ երկու ոլորտները անհամատեղելի են։
«Ներկայումս վնասվածքի պատճառով չեմ մարզվում։ Այս պահին իմ երկիրը իմ կարիքն ունի։ «Վրաստանի երազանքը» հենց այն ուժն է, որն անհրաժեշտ է մեր երկրին, որը կպահպանի խաղաղությունն ու միասնությունը Վրաստանում։ Կտեսնենք, թե ինչ կլինի ապագայում։ Ես միշտ եղել եմ իմ երկրի կողքին և կշարունակեմ դա անել՝ ինչ կարգավիճակով, որ անհրաժեշտ լինի»,- ասել է Տալախաձեն։
Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Կախի Կախիաշվիլին հույս ունի, որ Լաշան կվերադառնա մարզադահլիճ, 2026 թվականին սեփական երկրում կնվաճի ևս մեկ եվրոպական տիտղոս և կշարունակի մրցասպարեզ դուրս գալ մինչև 2028 թվականի Լոս Անջելեսում կայանալիք հաջորդ Օլիմպիական խաղերը: