Հայաստանը ներկայացնող պարային զույգը դարձել է մեծահասակաների 10 պարաձևերով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը ներկայացնող Յարոսլավ Կիսիլյով/Սոֆյա Ֆիլիպչուկ պարային զույգը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում օրերս անցկացված մեծահասակաների 10 պարաձևերով աշխարհի առաջնությունում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացված առաջնությանը 31 երկրի ներկայացուցիչ է մասնակցել:
Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ Գեորգի Բաբայանի խոսքով՝ աշխարհի առաջնությունն անցկացվել է ամենաբարձր մակարդակով. «Ամեն ինչ ֆանտաստիկ էր: Բոլորը շատ գոհ և երջանիկ են հեռացել մեր երկրից՝ ամենավառ տպավորություններով: Մեր միջազգային գործընկերները միայն գովասանքի խոսքեր հնչեցրին առաջնության կազմակերպման վերաբերյալ»:
Գերոգի Բաբայանը բարձր է գնահատել Հայաստանը ներկայացնող զույգի ցույց տված արդյունքը և նշել՝ Յարոսլավ Կիսիլյովն ու Սոֆյա Ֆիլիպչուկն իրենց նորամուտն էին նշում մեծահասակների մրցապայքարում:
«Սա աննախադեպ արդյունք էր մեր զույգի համար, հատկապես եթե հաշվի առնենք, որ մեծահասակների կարգում սա նրանց առաջին տարին էր: Վստահ եմ՝ դեռ մեծ հաջողություններ են ունենալու»- ասել է Գեորգի Բաբայանը:
Երևանում անցկացված մեծահասակաների 10 պարաձևով աշխարհի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել է Սլովենիան ներկայացնող պարային զույգը, իսկ արծաթե մեդալները նվաճել են Լեհաստանի ներկայացուցիչները:
Որակավորման փուլից հետո լավագույն 24 զույգերը դուրս են եկել քառորդ եզրափակիչ, որից հետո կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել 12 զույգ: Եզրափակչում հանդես է եկել 6 զույգ՝ թե՛ լատինամերիկյան, թե՛ եվրոպական պարաձևերում:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ