Բացել լրահոսը Փակել լրահոսը
խոզ8
A A
Տնտեսություն

Ժամանակավոր քանակական սահմանափակում՝ կենդանի խոզերի ներմուծման նկատմամբ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ժամանակավոր՝ 6 ամսով քանակական սահմանափակում կիրառել ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ քանակով ոչ ավելի, քան 25 հազար հատի նկատմամբ։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում ազգաբնակչության կողմից խոզի մսի միջին օրական սպառումը կազմում է 82 տոննա, որից 40-42 տոննա թարմ և պաղեցված խոզի միսն ամբողջությամբ ապահովվում է տեղական արտադրության հաշվին։

Հայաստանի Հանրապետությունում խոզի արտադրությամբ զբաղվում են շուրջ 80 խոշոր և միջին մասնագիտացված տնտեսավարող սուբյեկտներ։ Ներկրումները հիմնականում իրականացվում են Բելառուսի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից։ Նախորդ տարի հանրապետություն է ներկրվել մոտ 41 հազար գլուխ այդպիսի զանգվածով խոզ, մինչդեռ ընթացիկ տարում կտրուկ ավելացել են ներկրման ծավալները և հունվար-հուլիս ամիսներին ներկրվել է շուրջ 30 հազար գլուխ խոզ՝ նախորդ տարվա 19,2 հազարի փոխարեն կամ 56,3 %-ով ավելի։

Ներկրման նման ծավալների պարագայում 2024 թ. կարող է կրկնապատկվել կենդանի խոզերի ներկրման նախորդ տարվա ցուցանիշը, ինչն իրացման խնդիրներ կարող է առաջացնել խոզի մսի տեղական արտադրողների համար։

Արդյունքում՝ ներկրման ծավալների աճը կարող է հանգեցնել հանրապետությունում խոզի արտադրության ծավալների կրճատմանը, ինչը կավելացնի շուկայի կախվածությունը ներկրման ծավալներից և կառաջացնի ռիսկեր պարենային անվտանգության տեսանկյունից։ Որոշման արդյունքում՝ կպաշտպանվեն խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերը։