Բացել լրահոսը Փակել լրահոսը
դպրոց
A A
Հասարակություն

Վերանայվել է դպրոցական օլիմպիադաների կարգը, այսուհետ կանցկացվի նաև ընթերցանության օլիմպիադա

Այսուհետ կանցկացվի նաև ընթերցանության օլիմպիադա 5-րդ և 6-րդ դասարաններում։ Այս մասին տեղեկացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։

Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխաների շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները գնահատելու համար։ Ընտրվում են միջին բարդության տեքստեր»,–գրել է Անդրեասյանը: 

Նա տեղեկացրել է, որ 2022-ի և 2023-ի արդյունքների համադրումը ցույց է տալիս, որ երեխաների գնահատման արդյունքների միջին տոկոսային միավորը աճել է շուրջ 10 տոկոսով, եթե 2022-ին այն եղել է 53.5%, ապա 2023-ին՝ 63,8%, ինչը նշանակում է, որ երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են։ Ընդ որում, երեխաների կեսից ավելին գրանցել է 64.3%-ից բարձր արդյունք՝ այսինքն` ճիշտ է պատասխանել իրենց կարդացած տեքստերին վերաբերող 14 հարցերից առնվազն 9-ին։

Նախարարը շատ է կարևորել, որ անբավարար արդյունք ունեցող երեխաների թիվը 2022-ի 47 տոկոսի համեմատ 2023-ին իջել է շուրջ 20 տոկոսով՝ դառնալով 28 տոկոս։ Ընդ որում, ընտրանքում նաև Տավուշի դպրոցներն են, որտեղ 2023-ին չորրորդ դասարանցիներն արդեն իսկ անցնում էին նոր չափորոշիչներով և որտեղ ցուցանիշները մյուս դպրոցներից ավելի դրական են։

Նա շատ կարևոր է համարում նաև, որ 4-րդ դասարանցիների համար գիտահանրամատչելի տեքստերը գեղարվեստական տեքստերի համեմատ դժվար հասանելի չեն: «Կարևոր է նաև, որ երեխաները չեն դժվարանում սեփական միտքը ձևակերպել, որովհետև համադրելի արդյունքներ են գրանցել թե կարճ պատասխաններ ենթադրող հարցերի համար, թե ընտրովի պատասխաններով հարցերի դեպքում»,–հավելել է Անդրեասյանը:

Հաշվետվությունը հասանելի է Կրթության տեսչական մարմնի կայքում՝ եռամսյակային հաշվետվության շրջանակներում, ամբողջությամբ կհրապարակվի 2024-ի տարեկան հաշվետվության հետ։

«Ի դեպ նշեմ, որ վերանայել ենք դպրոցական օլիմպիադաների կարգը և նախատեսում ենք այսուհետ անցկացնել նաև ընթերցանության օլիմպիադա 5-րդ և 6-րդ դասարաններում»,–եզրափակել է նախարարը: