Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դադիվանք
A A
Քաղաքականություն

«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանքի նկատմամբ. «Գեղարդ» հիմնադրամ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հայտնում է.

Քարոզչական դաշտում հայկական մշակութային և կրոնական ժառանգության բռնայուրացումն Ադրբեջանի կողմից իրականացվում է մի քանի կեղծ թեզերից բաղկացած «մեթոդական ձեռնարկով»։

Եթե կա հայկական և հայատառ որևէ գրություն, ապա, ըստ ադրբեջանցիների, դրանք արվել են նոր շրջանում։ Կախված ժամանակի քաղաքական իրավիճակից՝ այդ «ավելացումները» կատարվել են 19-րդ դարում, իսկ Արցախում, ինչպես իրենք են նշում, «օկուպացիայի տարիներին»։ Այս հնարքն օգտագործվել է, օրինակ՝ Ամբերդի դեպքում։ Ըստ ադրբեջանցի հետազոտողի՝ Վահրամաշեն եկեղեցու պատերի հայերեն գրություններն ավելացվել են 20-րդ դարի սկզբին։ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի «գիտնականների» կեղծ պնդումներով՝ հայերն «ալբանական եկեղեցիների դեմ նյութական և հոգևոր հանցագործությունները» սկսել են 1836 թվականից, երբ «աղվանական եկեղեցին դարձել է թեմ ու ենթարկվել Էջմիածնի եկեղեցուն»։

«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանք վանական համալիրի նկատմամբ, որն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերի վերջին։  

Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը կարճ հոդված է հրապարակել՝ «Ադրբեջանական խոշոր վանք Խուդավենգը ենթարկվել է հայկական կեղծարարությունների» վերնագրով։ Ըստ այդ հրապարակման՝ 1993-2020 թվականներին հայերը փորձել են կեղծել վանքի պատմությունը՝ այն ներկայացնելով հայկական։ Օրինակ՝ փոխարինվել են համալիրի խորհրդանիշերը, տեղադրվել այլ խաչեր, պատերին հին հայերեն գրություններ են ավելացվել, իսկ ուդի-աղվանների հին գերեզմաններն իբր ավերվել են։  

Հայերեն գրություններն ու փորագրված պատկերները Դադիվանքի պատին

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականին Ադրբեջանի ուդիական համայնքի ներկայացուցիչները Դադիվանքում պատարագ էին մատուցում։ Այդ նպատակով Բաքուն օգտագործում է աղվանա-ուդիական կրոնական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլիին, որը հանրայնացնում է ադրբեջանական թեզերը։ Հավելենք, որ 2024 թվականին Վատիկանի պաշտոնաթերթում հոդված էր հրապարակվել, որտեղ Դադիվանքն ու Գանձասարը ներկայացվել էին որպես աղվանական՝ չունենալով որևէ փաստական հիմք։

Պատմության և, առհասարակ, տեղեկությունների կեղծիքն Ադրբեջանն իրականացնում է բազմաթիվ մեթոդներով՝ ստույգ տվյալները թաքցնելով, տեղեկություններն ու աղբյուրները ձևափոխելով, պատմական փաստերը ժխտելով, մոլորեցնող մեկնաբանություններով և այլն։

Ժխտողականությունն ու գոյություն չունեցող փաստերի հորինումն Ադրբեջանի հակահայկական քարոզչության հիմնասյուներից երկուսն են։ Դադիվանքի օրինակով` այստեղ հորինված փաստն այն է, թե իբր հայերը հայերեն գրություններն ավելացրել են վանքը հայկականացնելու նպատակով։

Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի