Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 11-ը դեկտեմբերի․ Ղարաբաղի հարցով, մենք միեւնույն է, չենք ստանա այն ինչ ուզում ենք․ Օսկանյան (տեսանյութ)

1992-ի այս օրերին Ադրբեջանն ակտիվացրել է Հայաստանի հարավ-արեւելյան բնակավայրերի ռմբակոծությունը: Կան տասնյակ զոհեր: Կապանն այդ բնակավայրերից մեկն է, այստեղ շատ են ավերակները եւ արյունը: Այս բնակարանում օրերս կյանքից զրկվել է միանգամից երեք մարդ: Շրջանային հիվանդանոցը լիքն է վիրավորներով: Բոլորն էլ խաղաղ բնակիչներ: Այստեղ է վարչապետ Խոսրով Հարությունյանը, խոսվում է նույնիսկ քաղաքի հնարավոր էվակուացիայի մասին։

Գերագույն Դատարանում պետական հեղաշրջման մեղադրանքով հարուցված «31»-ի գործով դատավարության ժամանակ 1997-ի դեկտեմբերի 11-ին բարձրացվում է Դաշնակցության դրոշը: Սա ամբաստանյալների պատասխանն է նախորդ օրը «Դրո» կառույցի մաս կազմելու մեջ մեղադրվող ամբաստանյալների մահվան եւ տարբեր ժամկետներով ազատազրկման դատավճիռներին: «31»-ի գործով Վահան Հովհաննիսյանը դատապարտվում է 4 տարվա ազատազրկման, մյուսները՝ 5-ից մինչեւ 2 տարվա ազատազրկման։

1997-ի այս օրը հայ լրագրողները բողոքի են դուրս եկել Բաղրամյան 26-ի դիմաց եւ պահանջում են վերականգնել բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալեւայի հաղորդումը արցախյան ազատամարտում ողջերի եւ մահացածների մասին: Լրագրողներին արձագանքում է նախագահի մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա, նախագահն իրավասու չէ լուծել հեռուստատեսությանը վերաբերող հարցեր՝ դիմեք նրանց, ովքեր փակել են այդ հաղորդումը:

Նույն օրը մեր կառավարությունը եւ Տրանսպորտ Լիմիթեդ ընկերությունը հաստատում են Արմենթելի 90 տոկոսի վաճառքը Հունաստանի ՕՏԻ ընկերությանը: 10 տոկոսը մնում է մեր կառավարությանը: Գործարքի արժեքն է 500 միլիոն դոլար, որից 300 միլիոնը ներդրվելու է Հայաստանի կապի զարգացման մեջ: Կանխիկ վճարվելու է 140 միլիոնը:

1998-ի դեկտեմբերի 11-ին ԱԺՄ-ն հրավիրում է համագումար: Վազգեն Մանուկյանը հայտարարում է, որ այնպես չէ, թե իրենք ամեն ինչից դժգոհ են: Ներկա վիճակը սակայն տխուր է, իսկ հասարակությունը ծանր հիվանդ է՝ վկան 1998-ի նախագահի ընտրությունները։

1999-ի այս օրը արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասում է, որ եթե նույնիսկ Արցախի հարցի լուծման մասով լինի մի փաստաթուղթ, որի տակ առկա են Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ստորագրությունները, միեւնույն է, մենք 100 տոկոսով չենք ստանալու այն, ինչ ուզում ենք։

Նախարար Դավիթ Զադոյանը 2000-ի այս օրն այցելում է Երեւանի մահուդի գործարան, որն ունի 130 աշխատող։ Սա նախկինում մեր զինվորների համար աշխատող հիմնարկ էր, հետո պարզվեց, որ բանակի համար արտադրանքը թանկ է, կհրաժարվեն նաեւ տեղական ձեռնարկություններից մեկի բրդից, գուցե վարկ վերցնեն, առայժմ արտադրանքը գազի պարտքի դիմաց ուղարկում են Թուրքմենիա։

2001-ի այս օրը բյուջեի քննարկումների ժամանակ Արտաշես Գեղամյանը հիշելով Թումանյանին, ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի կկուն կանչել է ոչ թե երեք, այլ՝ հազար անգամ։ Եվ խոսքը նույնիսկ թիկնապահ Կուկուի մասին չէ։

2001-ի այս օրը Հայաստանի հազարավոր քաղաքացիներ մոմեր են վառում սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգներում աննախադեպ ահաբեկչության զոհերի համար։ Հուշ-միջոցառումը կազմակերպվել էր նախագահ Բուշի խնդրանքով, նա աշխարհին կոչ էր արել հիշել եւ աղոթել զոհերի համար։ Այդ զոհերից 5-ը հայորդի էր։ Նույն օրը գնացքով Հայաստան է ժամանում Վրաստանի խորհրդարանի ղեկավար Նինո Բուրջանաձեն ։ Գնացքով գալու պատճառները տեխնիկական են։ Նույն օրը օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հասցեին արված հայհոյանքից՝ նման բան չի եղել։