Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. դեկտեմբերի 17-ը.Սամվել Բաբայանն ապտակում է վարչապետին (տեսանյութ)

1996-ի դեկտեմբերի 17-ին մոտ երկու տարի առաջ կասեցված Դաշնակցությունը Երեւանում տոնում է կուսակցության հիմնադրման 106-ամյակը:

1997-ի դեկտեմբերի 17-ին նախագահ Տեր-Պետրոսյանը մտավորականների հետ հանդիպման ժամանակ ասում է, որ հայ ժողովրդից պահանջվում է խենթություն չանել: Անկախ Հայաստանում ազգի առաջնորդությունը տրված է պետությանը: Տարբեր շքանշաններով նախագահը պարգեւատրում է Օհան Դուրյանին, Հրանտ Մաթեւոսյանին, Սոս Սարգսյանին:

Սակայն Միացյալ Նահանգները ոչ մի կապ չունեն 1998-ի այս օրը նախագահի նստավայրի մոտ հավաքված կույրերի խնդիրների հետ: Նրանք այստեղ են զուտ անձնական խնդիրներով՝ լրիվ ավելորդ են կարծում իրենց:

1998-ի այս օրը Հայաստանի կոմկուսի կենտկոմը նշում է Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Բաբկեն Սարկիսովի ծննդյան 85-ամյակը: Կոմկուսի ղեկավար Սերգեյ Բադալյանը նրան խոստանում է Հայաստանը վերադարձնել այն գաղափարներին, որոնց դավանել է հոբելյարը: Վերջինս հիշում է, որ կոմունիստ ղեկավարները եթե ոչ մի արժանիք էլ չունենային, գոնե կարդացած էին:

1999-ի այս օրերին խառն է Լեռնային Ղարաբաղի քաղաքական իրավիճակը: Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը կառավարության դիմաց ապտակում է վարչապետ Անուշավան Դանիելյանին: Խոսվում է նախագահ Արկադի Ղուկասյանի հնարավոր հրաժարականի մասին: Վերջինս հերքում է: Ստեփանակերտի ավագանին պահանջում է եւ Սամվել Բաբայանի եւ Արկադի Ղուկասյանի հրաժարականը: Սակայն հրաժարական է տալիս միայն Բաբայանը:

1999-ի այս օրը Երեւանում բացվում է «Նոյան» բնական հյութերի գործարանը: Աշխատողների թիվը գաղտնիք է, հումքն էլ տեղական չէ:

2000 թվականի այս օրը մեծ է հավանականությունը, որ դեկտեմբերի 25-ից մայրաքաղաքի փողոցները չեն աղբազերծվի: Խոսքը աղբահավաքների գործադուլի մասին չէ: Սանմաքրման աշխատակիցները 6 ամիս փող չեն ստացել՝ մոտ 420 միլիոն դրամ:

2000-ի դեկտեմբերի 17-ին գործադուլի են դուրս գալիս գիտաշխատողները: 4 հազար աշխատակիցների սոցիալական ծանր վիճակն է նրանց մի մասին դուրս բերել փողոց: Նրանք չեն ստացել իրենց 5 ամսվա աշխատավարձը՝ 300 միլիոն դրամ: Պարզվում է թեմատիկ ֆինանսավորում ունեցող հիմնարկներին աշխատավարձերը տալիս են բյուջեի «այլ ծախսեր» հոդվածով, որը կառավարությանը չի պարտավորեցնում փող տալ ամեն ամիս:

2001-ի դեկտեմբերի 17-ին Շավարշ Քոչարյանն ականջալուր չէ երկու օր առաջ Ռոբերտ Քոչարյանի արած այն հայտարարությանը, որ չկա եւ չի լինելու Սահմանադրական փոփոխությունների երկրորդ նախագիծ: Խորհրդարանում Սահմանադրության շավարշքոչարյանական նախագծի կողմնակիցներին զարմացրել է, որ նախագահը բաց տեքստով այս Ազգային Ժողովը համարել է գրպանային, բացի դրանից, իրեն համարել է նաեւ երկու տարի հետո տեղի ունեցող նախագահի ընտրություններում արդեն ընտրված նախագահ:

2010-ի այս օրը Երեւանի քաղաքապետ է ընտրվում Կարեն Կարապետյանը: Նա ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ է: Զբաղեցնում էր «Հայռուսգազարդ» ընկերության տնօրենի պաշտոնը: Կար տեսակետ, որ քաղաքապետի պաշտոնը նա զբաղեցնում էՌուսաստանի պահանջով. «Օ~ֆ, իհարկե ոչ»՝ ասում է նա։