Մոսկվան և Թեհրանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեցին
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում Իրանի և Ռուսաստանի նախագահներն այսօր ավելի քան երեք ժամ բանակցություններ են վարել, որոնց արդյունքով երկու երկրների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին համապարփակ համաձայնագիր, որը համագործակցության լայն շրջանակ է ներառում:
Համաձայնագրի ստորագրումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել է, որ նոր համաձայնագիրը հավակնոտ նպատակներ է դնում երկու երկրների առաջ:
«Այն բեկումնային փաստաթուղթ է: Ռուսաստանն ու իրանը փոխադարձ հաշվարկներում գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներին և աշխատում են վճարային համակարգերի միացման վրա: Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները միջազգային հարցերի մեծ մասում հիմնականում համընկնում են», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը նաև ասել է, որ Իրանի նախագահի հետ քննարկել են իրավիճակն Անդրկովկասում:
Իրանի և Ռուսաստանի միջև կնքված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրիրը նախատեսում է անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդում:
Փաստաթղթի երրորդ հոդվածում նշվում է, որ եթե կողմերից մեկը ենթարկվում է ագրեսիայի, մյուս կողմը չպետք է որևէ օգնություն ցուցաբերի ագրեսորին:
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են նաև հատուկ ծառայությունների համագործակցության մասին՝ երկու երկրների «ազգային անվտանգության ամրապնդման և ընդհանուր սպառնալիքներին հակազդելու նպատակով»:
Կողմերը նաև պայմանավորվել են նպաստել Հարավային Կովկասում, Կասպյան տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը: Նշվում է նաև, որ Մոսկվան ու Թեհրանը պետք է համագործակցեն՝ այդ տարածաշրջաններում «երրորդ պետությունների միջամտությունը և այնտեղ ապակայունացնող ներկայությունը կանխելու նպատակով»: