
«Այդ ճանապարհի դեպքում Մեղրին դառնում է անձեռնմխելի»․ Գրիգոր Հարությունյան
Աջակցիր «Ա1+»-ին«Մեղրին տալու մասին Երևանում են խոսում, իսկ այստեղ մեղրեցիները պարզապես իրենց գործն են անում՝ աշխատում են, տուն են կառուցում, այգիներ մշակում։ Մեղրեցին իր կյանքով ապրում է, մի անհանգստացեք», – «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀԺԿ փոխնախագահ, մեղրեցի Գրիգոր Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելու վերաբերյալ նախկին ծրագրերին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտը գաղտնազերծել էր փաստաթղթեր, որոնց համաձայն՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը պաշտոնավարման առաջին տարիներին համաձայնել էին Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին՝ Ղարաբաղի դիմաց։ Այս բացահայտումն իր հերթին կրկին թեժացրեց Քոչարյանի մերձավորների և գործող իշխանությունների միջև բանավեճը։
«Քաղաքական խոսակցությունները, իհարկե, ազդում են մեղրեցիների վրա, բայց բոլորը հասկանում են, որ դրանք քաղաքական խաղեր են։ Ալիևը մի բան է ասում, այստեղ արձագանքում են, այստեղ էլ վերլուծում են։ Ամեն դեպքում ժողովրդին հանգիստ չեն թողնում», – նշում է Գրիգոր Հարությունյանը։
Մեղրին այսօր ապրում է ակտիվ և բուռն կյանքով։ Մասնավորապես, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը մեծ արագությամբ ընթանում է, իսկ Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց հատվածը, որը Մեղրիով է անցնում, կառուցվում է մեծ թափով։ Իրանի հյուսիսը Հայաստանի հարավին կապող ճանապարհի ամենաբարդ՝ ժայռերով պատված հատվածը կառուցում են հենց իրանցի ճանապարհաշինարարները, իսկ շինարարական աշխատանքներին ներգրավված են նաև բազմաթիվ մեղրեցիներ։
Նոր կառուցվող ճանապարհը զգալիորեն աշխուժացրել է մեղրեցիների կյանքը և բարձրացրել անշարժ գույքի գները։ Գրեթե ամբողջությամբ իրացվել են այն հողատարածքները, որոնք պետք է ընկնեին մայրուղու տարածքում։ Մեղրեցիներից ոչ ոք չի ընդդիմացել, և բոլորն իրենց հողերը տրամադրել են ճանապարհաշինության համար։
«Մարդիկ գոհ են, նորմալ վճարել են։ Իհարկե, հողը ափսոս էր, բայց այս ճանապարհը Հայաստանի հույսն է։ Մեղրեցիները հասկանում են, որ իրենց անվտանգությունն այս ճանապարհն է։ Այդ ճանապարհի դեպքում Մեղրին դառնում է անձեռնմխելի, Սյունիքը՝ ընդհանրապես։ Մեղրին կա, մի վախեցեք։ Կա ու կմնա», – եզրափակեց Գրիգոր Հարությունյանը։