Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Քաղցր սուտ, թե՞ դառը ճշմարտություն․ մեծ էկրաններին է «Բարի օր 2» կատակերգությունը (լուսանկարներ)

Անընդհատ միայն ճշմարտությունը լսելը եւս կարող է չափազանց բարդ լինել։ Նման եզրահանգման է գալիս տաքսիստ Հենդոն, երբ հասկանում է, որ իր երազանքն իրականացել է, եւ ոչ ոք այլեւս իրեն խաբել չի կարող։
 
Երեկ՝ փետրվարի 6-ին, «Կինոմոսկվա»-ում տեղի ունեցավ «Բարի օր 2» ֆիլմի պրեմիերան: 
 
Ֆիլմի ստեղծագործական կազմը նույնն է: Սակայն եթե առաջին մասը՝ «Բարի օր» ֆիլմը ոգեշնչված էր «Արջամկան օրը» ֆիլմից, այս անգամ  ամբողջովին նոր սցենար էր ներկայացված։
 
Ֆիլմի ռեժիսորներից Գրիգոր Գասպարյանը նշեց, որ ֆիլմն իրենց համար համար հայելի է․
 
«Հանրության հայելին, որտեղ մենք ինքներս կանք, միշտ չէ, որ հայելին գեղեցիկն է ցույց տալիս, բայց շատ անկեղծ ու պարզ է արտացոլում մեր կյանքը։
 
Ռեժիսորը նշում է՝ առաջին ֆիլմը սիրվել է, միայն երևանյան կինոթատրոններում այն 160 հազարից ավել մարդ է դիտել։
 
«Շատ լավ  արձագանքներ ենք ստացել թե ֆիլմի էջերում, թե Instagram-ում, մարդիկ ակնհայտ ցանկանում էին շարունակությունը տեսնել, և մենք, դեռ մեկ տարի չանցած, արդեն ներկայացրինք այն»,- ասաց նա։
 
 Ֆիլմի գլխավոր հերոսի՝ Հենդոյի դերակատար Մհեր Մխիթարյանը կատակով նշեց՝ իրականում չէր ցանկանա, որ բոլորն իրեն ճշմարտությունն ասեին, քանի որ այդ ճշմարտությունը կարող է տխրեցնել։  
 
Ֆիլմում նկարահանվել են նաեւ Էվա Խաչատրյանը, Նանուլը, Վարդան Քոչարյանը, Իվետա Մուկուչյանը եւ ուրիշներ։ Դերասանական կազմին միացել է նաեւ Մկրտիչ Արզումանյանը՝ հետաքրքիր կերպարով։ Ռեժիսոր Արման Սարգսյանը չբացառեց, որ կնկարահանեն «Բարի օր 3»-ը: