Բացել լրահոսը Փակել լրահոսը
4G3A2750
A A
Պաշտոնական

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի ֆրանսիացի գործընկերներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված ֆրանսիացի գործընկերներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար և ընդգծել, որ ծրագրի շրջանակում իրականացվել են թատերական ներկայացումներ, ֆիլմերի դիտումներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ։

Նախարարը կարևորել է հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ նշելով, որ Մանուշյանական շաբաթվա միջոցառումները կյանքի են կոչվել երկու երկրների գործընկերների համատեղ ջանքերով։

«Մանուշյանական շաբաթվա արժեքներն ու գաղափարները շարունակական կլինեն՝ որպես առանցքային քաղաքականություն Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում։ Վստահ եմ, որ դեռ բազմաթիվ համատեղ ծրագրեր կիրականացնենք», – ասել է նա։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ծրագրի շրջանակում ազդարարվել է նաև Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների մեկնարկը, որը խորհրդանշում է արժեքների երկխոսությունը։

«ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության ղեկավար Սաթէ Խաչատրյանի խոսքով՝ թեև մարտի 18-ին ծրագիրը կավարտվի, սակայն Մանուշյանի կերպարը նոր վերաիմաստավորում կստանա և կշարունակի ներշնչել հանրությանը։

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ամրապնդում է Հայաստանի և Ֆրանսիայի պատմական ու մշակութային կապերը և լրացնում ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված մշակութային կրթության տարվա բովանդակությունը։

Ֆրանսիացի գործընկերները շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար։

«Մանուշյանի աճյունի տեղափոխությամբ Փարիզի Պանթեոն մենք ցանկանում էինք ընդգծել, որ ֆրանսիացի լինելը նախևառաջ արժեհամակարգի և եղբայրության դրսևորում է։ Մանուշյանն իր կյանքը նվիրեց խաղաղության գործին», – ասել է Միսաք Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի նախագահ Ժան-Պյեռ Սակունը։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի և Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ՝ «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից։

Միջոցառումները մեկնարկել են մարտի 14-ին և կավարտվեն մարտի 18-ին։