Բացել լրահոսը Փակել լրահոսը
54287005288_a93783cb3f_o
A A
Մշակույթ

Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների 2025 թ. ցանկը, որում ընդգրկված են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին:

Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում ընդգրկելու հայտը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աջակցությամբ՝ Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտի կողմից։

«Եվրոպա Նոստրայի» խորհուրդը հաղթող 7 մասնակիցներին առանձնացրել է 14 հուշարձանների և ժառանգության վայրերի ցանկից, որը հաստատվել էր «7 ամենավտանգված» ծրագրի խորհրդատվական խմբի կողմից: 2025 թ. «7 ամենավտանգված» ծրագրում ժառանգության վայրերի առաջադրումները կատարել կամ հաստատել են «Եվրոպա Նոստրայի» և Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:

Այսպիսով՝ 2025-ի Եվրոպայի ամենավտանգված 7 ժառանգության վայրեր են ճանաչվել.

· Առաքելոց վանական համալիր և գյուղատեղի, Հայաստան

· Նիբորգ ամրոց, Դանիա

· Մոնեմվասիայի ամրոց, Հունաստան

· Օռլայի Մեծ սինագոգ, Լեհաստան

· Գլխավոր շտաբի մոդեռնիստական համալիր, Բելգրադ, Սերբիա

· Վալհալլա լողասրահ, Գյոթեբորգ, Շվեդիա

· Վիկտորյա Թաուերի այգիներ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն։

 

ՀՀ ԿԳՄՍՆ