Բացել լրահոսը Փակել լրահոսը
5456463046139574737
A A
Հասարակություն

Ուր այցելել և ինչ ուտել Կապանում. Gastrocamp Armenia-ի տուրիստական քարտեզը կօգնի բացահայտել

Սյունիքի մարզ այցելողները շուտով հնարավորություն կունենան ավելի լավ ճանաչել բոլոր այն հետաքրքիր ու կարևոր վայրերը, ուր պետք է այցելել։ Gastrocamp Armenia նախագծի կողմից մշակված տուրիստական քարտեզը զբոսաշրջիկներին կտա հնարավորություն իմանալ՝ ուր այցելել և ինչ համտեսել Սյունիքում։

Ապրիլի 4-6 Կապանում տեղի է ունեցել գիտական հանդիպում՝ S.T.O.R.M (Syunik Territory Opportunity & Research Meeting)։ Այն մշակվել է Gastrocamp Armenia-ի համար և ունի մտագրոհի (brainstorming) ձևաչափ: Հանդիպման շրջանակում 20 մասնագետներ՝ պատմաբաններ, մշակութաբաններ, խոհարարներ և մարքեթոլոգներ, աշխատել են միասին, որպեսզի ստեղծեն Սյունիքի տարածքային ներուժի բացահայտման և բրենդավորման գիտահեն փաստաթուղթ:

Այն ի վերջո կդառնա տուրիստական քարտեզ։ Այս քարտեզով են առաջնորդվելու GastroCamp Kapan 2025-ի եզրափակիչ միջոցառման միջազգային մասնագետները, ովքեր կշրջեն նշված քարտեզի բնակավայրերով և կհավաքագրեն Սյունիքի պատմական բաղադրատոմսերը, ստեղծելով հատուկ մենյու: 

Այսօր ամփոփելով գիտաժողովը՝ GastroCamp Armenia նախագծի հիմնադիր Աննա Մազմանյանը նշեց՝ GastroCamp Kapan 2025 նախագծի կենտրոնը մարդն է․

«Մարդը՝ իր անցած ճանապարհով, տեսակով, բարբառով, կյանքի փորձով։ Մարդիկ հաճախ մտածում են, թե մեր նախագիծն ուտելիքի մասին է, բայց դա միայն մի մասն է։ Իրականում մենք ընտրել ենք այս ձեւաչափը, որ պատմությունը, մշակույթը, ծեսերը, ավանդույթները ապրեցնենք։ Դրանք պետք է մտնեն մարզերի մենյուների մեջ։ Դա այն գործիքներից է, որը կօգնի, որպեսզի այդ ամենն ապրի»։

 GastroCamp Armenia նախագծի համահիմնադիր Արայիկ Ամզայանն էլ նշեց՝  Կապանում կա ակտիվություն, ակտիվ ստեղծագործող մարդիկ են, ովքեր պատրաստ են ավելի մեծ նախագծեր իրականացնել։

«Այս պահին Սյունիքը թեկուզ ներքին տուրիզի տեսանկյունից ավելի պասիվ է, քան մյուս մարզերը։ Ծրագրով, որն իրականանցնում ենք, ուզում ենք՝ մարզի մասին անընդհատ լսվի, բոլորն իմանան, որ պետք է լինեն Սյունիքում, քանի որ այնտեղ շատ հետաքրքիր է։

Սյունիքի ժողովուրդի հյուրընկալությունը շատ հետաքրքիր է։ Մենք այնտեղի ռեստորանների հետ աշխատում ենք, թե ինչ առանձնահատուկ մենյու պետք է լինի, որպեսզի ռեգիոնալ մենյու ունենան, որտեղ կընդգրկվեն այն ուտեստները, որոնք բնորոշ են կոնկրետ այդ տարածաշրջանին։ Մարզը ներկայանա իր խոհանոցով»։,- ասաց նա։

Gastrocamp Kapan 2025-ը կներգրավի ռեստորանային, հյուրանոցային, գինու և սննդի արտադրության ոլորտի մասնագետներ Հայաստանից և արտասահմանից: Ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն ներգրավելով այցելուներ Հայաստանից և արտերկրից:

Մայիսին տեղի կունենան դասընթացներ HoReCa ոլորտի մասնագետների համար, իսկ հունիսին` հրավիրված և տեղի շեֆ-խոհարարները արշավի արդյունքում հավաքագրած բաղադրատոմսերի հիման վրա մատուցելու են համատեղ պատրաստված ընթրիք Կապանի գեղատեսիլ վայրերից մեկում: Մասնագետները կստեղծեն 5-6 այցեքարտային ճաշատեսակով կապանյան մենյու: Հյուրերը կվայելեն Սյունիքի ավանդական բաղադրատոմսերից ոգեշնչված միանգամայն նոր ճաշատեսակներ, որոնք կդառնան Կապանի գաստրոայցեքարտերից մեկը: