Երեք մրցանակ՝ «Սահմանին»
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Մոսկվայում կայացել է Ազգային կինեմատոգրաֆիաների հերթական` 15-րդ ֆորումը։ Այն ամեն տարի անց է կացվում Կինեմատոգրաֆիստների միությունների կոնֆեդերացիայի կողմից:
Ֆորումին մասնակցել են ԱՊՀ եւ Բալթիայի երկրները, ինչպես նաեւ Վրաստանը: Հայաստանից այս տարի ֆորումին ներկայացված էր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, որն արդեն հասցրել է մասնակցել բազմաթիվ միջազգային փառատոների եւ շահել մեկ տասնյակից ավել մրցանակներ:
Այս անգամ եւս ֆիլմը արժանացել է երկու մրցանակի եւ մեկ դիպլոմի: Ֆորումի ժյուրին` անվանի կինոռեժիսոր Վադիմ Աբդրաշիտովի գլխավորությամբ ֆիլմին շնորհել է Հատուկ մրցանակ: Իր մրցանակը «Սահման» ֆիլմին հանձնել է նաեւ Ռուսաստանի կինոակումբների ֆեդերացիան, իսկ Մոսկվայի «Ազգությունների տունը» ֆիլմին շնորհել է դիպլոմ` «Ազգերի միջեւ մշակութային երկխոսության եւ փոխըմբռնման գործում ներդրման համար»։
Այս մասին հայտնում է «Ոսկե ծիրանի» մամուլի ծառայությունը։