Փակումը՝ Քրիստոֆեր Ուորեն-Գրինի մասնակցությամբ (տեսանյութ)
«Մատուցել բարձրաճաշակ երաժշտություն մեր հանդիսատեսին» կարգախոսը սկզբունք դարձրած Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը 5-րդ անգամ կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող մենակատարների ու դիրիժորների:
Փառատոնի հոբելյանական մեկնարկի տոնական ու հաղթական տրամադրությունը կապահովեն Երվանդ Երկանյանի "Հերոսական" ռապսոդիան` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին և Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, մասնակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը խոստովանեց, որ առաջին անգամ է ղեկավարելու Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, և սա որ սա շատ պատասխանատու գործ է, և առանձնակի ուրախ է, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի մասնակցության և Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի աջակցության համար:
Մաեստրոն էլ ասաց, որ միշտ պատրաստ է համագործակցել սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Ի դեպ այս կոլեկտիվների համատեղ ելույթները սպասվում են ողջ տարվա ընթացքում: Մասնավորապես, նշվեց դեկտեմբերի 2-ին Դուբայում կայանալիք համերգի մասին:
Ֆիլհարմոնիկի հիմնական խնդիրը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանի խոսքերով, ֆինանսական կողմն է: Բայց համեմատ անցյալ տարիների` այս հարցում առաջխաղացում է նկատվում: Փոքր քայլերով առաջ են գնում, հիմնականում գործարար աշխարհի օգնությամբ:
Փառատոնի ընթացքում «Արամ Խաչատրյան» համերգասրահի դահլիճի նախասրահը կզարդարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությունը ներկայացնող լուսանկարչական շարքը:
Ի դեպ, Փառատոնի հանդիսավոր փակման համերգին հանդես կգա հանրահռչակ դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն-Գրին, ում վստահված էր արքայազն Ոիլյամի պսակադրության արարողակարգի երաժշտական մասի ղեկավարումը: