Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է Փաշինյանի՝ Գերմանիայում հնչեցրած հայտարարությունները
Աջակցիր «Ա1+»-ինՀայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում հնչեցրած հայտարարությունները։ Անընդունելի, ազգավնաս և պետական մտածողությունից զուրկ ենք համարում օտարերկրյա լսարանի առջև սեփական ազգային հոգևոր կառույցի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու և ներքին խնդիրները միջազգային հարթակներում շահարկելու գործելաոճը։
Մասնավորապես, հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.
1. Վարչապետի կողմից եվրոպական կառույցներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես «արտաքին ազդեցության գործիք» կամ «ախտահարված» համակարգ ներկայացնելը ոչ այլ ինչ է, քան սեփական ազգային ինստիտուտների դիտավորյալ վարկաբեկում։ Սա ուղղակի հարված է Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միասնականությանը, քանզի Եկեղեցին եղել և մնում է հայապահպանության հիմնասյունը։
2. Հայտարարել, թե «Հիսուս Քրիստոսն իմ սիրտն է», և միաժամանակ հարվածել Քրիստոսի հիմնած Եկեղեցուն, տիպիկ դեմագոգիա է։ Հավատացյալ ղեկավարը ոչ թե փորձում է եկեղեցին ենթարկեցնել քաղաքական կոնյունկտուրային, այլ երկխոսում է նրա հետ ներքին կարգով՝ առանց օտարների միջամտության։ Եկեղեցու «թափանցիկության» անվան տակ իրականացվող այս արշավը նպատակ ունի ոչ թե բարելավել եկեղեցական կյանքը, այլ լռեցնել ազգային շահերի պաշտպանության դիրքերից հանդես եկող հոգևորականներին։
3. Զավեշտալի և վտանգավոր է լսել մեղադրանքներ «արտաքին ազդեցության» մասին մի իշխանությունից, որը հաճախ ինքն է առաջնորդվում դրսի օրակարգերով։ Հայոց Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայոց պետականության բացակայության պայմաններում ազգային ինքնիշխանության միակ կրողը։ Նրան «գործակալական» ցանցի վերածվելու մեջ մեղադրելը պատմական հիշողության ուրացում է։
4. Երբ երկրի ղեկավարը խոսում է «ախտահարված արժեհամակարգից», նա պետք է նախևառաջ սթափ գնահատի սեփական իշխանության օրոք երկրում տիրող բարոյահոգեբանական ծանր վիճակը, պառակտվածությունը և ատելության խոսքը։ Եկեղեցին թիրախավորելով՝ իշխանությունը փորձում է շեղել հանրության ուշադրությունը պետական կառավարման ձախողումներից։
Կոչ ենք անում դադարեցնել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ իրականացվող այս անթաքույց արշավը։ Եկեղեցին լոկ կառույց չէ, այն հայ ժողովրդի հոգևոր տունն է, և նրա դեմ ցանկացած ոտնձգություն՝ հատկապես դրսի ուժերի հաճոյախոսելու ակնկալիքով, դատապարտված է ձախողման։
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ