Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Խիստ կասկածում եմ, որ որևէ այլ կուսակցություն հաղթահարելու է անցողիկ շեմը․ Ս․Ղազարյան (տեսանյութ)

«Ես բացառում եմ խորհրդարանում մեր կուսակցության՝ մեծամասնություն չունենալու սցենարը մի պարզ պատճառով․ «Քաղաքացիական պայմանագիրն» այն միակ ուժն է, որը հստակ առաջարկ ունի մեր քաղաքացիներին։ Ո՞ր կուսակցությունն ունի առաջարկ, ի՞նչ առաջարկ ունեն։ Արժանապատիվ խաղաղությո՞ւն, որի բացվածքը պատերազմն է։ Ինչ-որ բաներ են առաջարկում, որն ակնհայտորեն տանելու է դեպի պատերազմ։ Մենք առաջարկում ենք համակեցություն հարևանների հետ, առաջարկում ենք խաղաղություն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ խոսելով 2026թ․ խորհրդարանական ընտրությունների մասին։

Պատգամավորը վստահ է, որ նախկին իշխանությունների համակարգման ներքո գտնվող ուժերը հաջորդ ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում չեն ունենա այն ընդգրկվածությունը, ինչ ունեն հիմա։ Ավելին, ասում է, որ նրանք անգամ չեն կարողանա հաղթահարել նվազագույն անցողիկ շեմը։

«Ես առաջարկում եմ չդիտարկել նախկինների վերադարձի սցենարը, մեր քաղաքացիները դա թույլ չեն տալու։ Ես դա բացառում եմ։ Ես խիստ կասկածում եմ, որ բացի ՔՊ-ից՝ որևէ այլ կուսակցություն հաղթահարելու է շեմը։ Նրանք հայտնվելու են խորհրդարանում բացառապես ԸՕ-ի շնորհիվ։ Նրանք զրո աջակցություն են վայելում»,- հավելեց նա։

Սոնա Ղազարյանը նաև համարում է, որ ՔՊ-ի խաղաղության օրակարգը նախընտրական շրջանում մրցակից չի ունենալու։ Եվ կասկածում է, որ ընդդիմադիր ուժերը կկարողանան առավել ընդունելի ծրագրեր առաջարկել։ «Ի՞նչ օրակարգ են առաջարկում, գալու են և չեղարկելո՞ւ են վաշինգտոնյան համաձայնությու՞նը։ Կամ ասում էին, Վաշինգտոնում 3-րդ փաստաթղթում միջանցք են խոստացել։ Գաղտնազերծեցինք։ Ո՞ւր է։ Մարդը պետք է քվե տա նրան, ով օր ու գիշեր իրեն խաբո՞ւմ է»,- հարցնում է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։