Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերգիեւյան փառատոն՝ Սերժ Սարգսյանի առաջարկով (տեսանյութ)

Մշակույթ
f9de80b3eec69dfe20fd24a5f9d80743

Բարձրաճաշակ երաժշտության երկրպագուները երեկ հայտնվել էին ընտրության առջև՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհին հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը քրոջ`դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ համերգ պիտի տային հայ երաժշտության ռահվիրաների` Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանների կապակցությամբ։ Իսկ ավելի ուշ, «Երևանյան հեռանկարներ» ծրագրի շրջանակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում ելույթ էր ունենում «Մարինյան թատրոնի» նվագախումբը՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։

Ուստի շատերը, այդ թվում՝ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանն ու Ալեքսանդր Հարությունյանը համերգասրահից անմիջապես տեղափոխվեցին օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոն:

Գերգիևը համերգից առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ուրախ է գտնվել այստեղ՝ Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարությունների նախաշեմին:

Հիշեց Երևանի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր լինելու տարիները, որոնք անփոխարինելի փորձ տվեցին իրեն: Նաև իր հիացմունքը հայտնեց այս տարի Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում գլխավոր մրցանակի արժանացած թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հասցեին, որն, ի դեպ, մասնակցում էր իր համերգին:

Հանդիպմանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը Գերգիևին առաջարկել է 2013-ին Հայաստանում կազմակերպել Գերգիևյան փառատոն: