«Ամոթալի զիջում թուրքական ճնշմանը»․ Կոնգրեսի առաջնորդներն ու ANCA-ն քննադատում են Վենսին Հայոց ցեղասպանության մասին գրառումը ջնջելու համար
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ Կոնգրեսի առաջնորդները դատապարտում են Հայոց ցեղասպանության մասին փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրառումը ջնջելը, իսկ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը զգուշացնում է ընտրական հետևանքների մասին՝ ԱՄՆ-ում 2026 թվականի միջանկյալ ընտրություններից և 2028 թվականի նախագահական մրցապայքարից առաջ։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) քննադատել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից X (նախկինում՝ Twitter) սոցիալական հարթակում արված գրառումը ջնջելը, որում նա ընդունել էր Հայոց ցեղասպանությունը՝ Հայաստան կատարած այցի ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու առիթով։ Հանձնախումբը դա բնորոշել է որպես «ամոթալի զիջում թուրքական ճնշմանը», որը լուրջ մտահոգություններ է առաջացնում ամերիկահայ ընտրողների շրջանում՝ 2026 թվականի միջանկյալ ընտրություններից և 2028 թվականի նախագահական ընտրապայքարից առաջ։ Երեքշաբթի՝ փետրվարի 10-ին, Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցից հետո ԱՄՆ փոխնախագահ Վենսի X-ի միկրոբլոգում հրապարակվել էր հետևյալ գրառումը․ «Այսօր փոխնախագահ Վենսը և Երկրորդ տիկին Ուշա Վենսը մասնակցեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակի տեղադրման արարողությանը՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։
Այդ թվիթը շուտով ջնջվել է և փոխարինվել է փոխնախագահի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քըրքի կողմից գրառման վերահրապարակմամբ, որտեղ արդեն բացակայում էր Հայոց ցեղասպանության հիշատակումն ու օգտագործվել էր մեղմացված ձևակերպում․ «Հայաստանի այցի վերջին օրը ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ և ստորագրեցին պատվավոր հյուրերի գրքում»։
«Թուրքիան երբեք չի հոգնում Ամերիկային նվաստացնելուց», հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ «Այս անգամ ստիպելով գործող ԱՄՆ փոխնախագահին ջնջել իր գրառումը Հայոց ցեղասպանության մասին։ Թեև զարմանալի չէ, որ Թուրքիան շարունակում է կոշտ ճնշումներ գործադրել համաշխարհային առաջնորդների վրա՝ պարտադրելով լռություն Հայոց ցեղասպանության հարցում, խորապես մտահոգիչ է տեսնել, թե ինչպես է փոխնախագահ Վենսը՝ մի մարդ, որը բարձրաձայն հայտարարում է քրիստոնյա հալածյալների հետ համերաշխության մասին, նման թուլություն դրսևորում արտաքին ճնշման առաջ»։
Սպիտակ տան “RapidResponse47” X-ի միկրոբլոգում նույնպես ջնջվել է մի գրառում, որտեղ ներկայացված էր Երևանում լրագրողի հարցը Վենսին ՝ կապված Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի կարևորության հետ։ Փոխնախագահ Վենսը խուսափողական պատասխան էր տվել․ «Դե, վաղը մենք այցելելու ենք որոշ կարևոր վայրեր Ադրբեջանում… Ես առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելել է Հայաստան։ Նրանք մեզ խնդրեցին այցելել այդ վայրը… Ես ցանկացա գնալ և հարգել հիշատակը»։
ANCA-ի քաղաքական հարցերով տնօրեն Ալեքս Գալիցկին երկրորդ գրառման ջնջումը որակել է որպես «վիրավորանք Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին և անհարգալից վերաբերմունք մի համայնքի հանդեպ, որը տասնամյակներ շարունակ անդադար պայքարել է այդ հանցագործության ճանաչման համար»։ Կոնգրեսի մի շարք առաջնորդներ արագորեն դատապարտել են փոխնախագահ Վենսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառման ջնջումը, այդ թվում՝ սենատորներ Էդ Մարքին (Մասաչուսեթս), Ջեքի Ռոզենը (Նևադա), Ադամ Շիֆը (Կալիֆոռնիա), ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին (Կալիֆոռնիա), Կոնգրեսի Հայկական հարցերով խմբակցության համանախագահներ Ֆրենկ Փալոնեն (Նյ Ջերսի) և Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), և ներկայացուցիչներ Ջուդի Չուն (Կալիֆոռնիա), Լորա Ֆրիդմանը (Կալիֆոռնիա) և Ջիմ ՄաքԳովերնը (Մասաչուսեթս)։