Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԹՐԱՄՓ 1
A A
Պաշտոնական

Թրամփը կոչ է արել մի շարք երկրների ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի հարվածներ հասցնել Իրանի ափամերձ գծին և կոչ է արել Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային և այլ երկրներին ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ անվտանգ անցումն ապահովելու համար։
 
Նրա խոսքով՝ շատ երկրներ, հատկապես նրանք, ովքեր տուժում են Իրանի կողմից նեղուցը փակելու փորձից, պատրաստվում են ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ ռազմական նավեր ուղարկել՝ այն բաց և անվտանգ պահելու նպատակով։
 
Թրամփը նշել է, որ, իր գնահատմամբ, Իրանի ռազմական կարողությունները ամբողջությամբ ոչնչացված են, սակայն երկիրը դեռ կարող է օգտագործել անօդաչու թռչող սարքեր, ականներ կամ կարճ հեռահարության հրթիռներ նեղուցի տարածքում։
 
«Հուսով եմ, որ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան և այս արհեստական սահմանափակումից տուժած մյուս երկրները նավեր կուղարկեն այդ տարածք, որպեսզի Հորմուզի նեղուցը այլևս սպառնալիք չներկայացնի»,- գրել է նա։
 
Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները կշարունակի ռազմական գործողությունները ծովափնյա գոտում և կհարվածի իրանական նավերին։

«Այսպես թե այնպես, մենք շուտով Հորմուզի նեղուցը կդարձնենք բաց, անվտանգ և ազատ»,- նշել է նա։