Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ․ Կալուգին
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ, որը կարող է բավարարել հանրապետության էներգետիկ կարիքները մոտակա տասնամյակների համար, ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնյան այդ մասին հայտարարել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։
««Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ, որը, եթե Հայաստանի ղեկավարությունը ցանկանա, կկարողանա բավարարել երկրի էներգետիկ կարիքները տասնամյակներ, եթե ոչ մեկ դար։ Միևնույն ժամանակ, այն կապահովի էլեկտրաէներգիայի ցածր սակագներ վերջնական սպառողների համար, ինչը, ի թիվս այլ բաների, զգալիորեն կխթանի երկրի արդյունաբերական աճը»,-նշել է դիվանագետը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար է և միշտ պատրաստ է Հայաստանի հետ կիսվել իր զարգացումներով և փորձով էներգետիկայի նման կենսական ոլորտում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը նաև պատրաստ է Հայաստանի հետ կիսվել թվայնացման տեխնոլոգիաներով։