Քոչարյանը երդվեց, երբ ծեծում էին ժողովրդին. Զուգահեռներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2003 թվականի նախագահի ընտրություն (2-րդ մաս)
2003 թվականի մարտի 5-ին Հայաստանում անցկացվեց նախագահի ընտրության երկրորդ փուլը։ Մասնակցում էին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը և 1998 թվականի ընտրության նրա հիմնական մրցակցի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։
Առաջին փուլից հետո պայքարից դուրս մնացած և ոչ մի թեկնածու չհայտարարեց Քոչարյանին սատարելու մասին։
Համախմբում եղավ Դեմիրճյանի շուրջ։ Նրա օգտին քվեարկելու կոչ արեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, որի թեկնածության գրանցումն այս ընտրություններին մերժվել էր։
Պաշտոնական քարոզարշավի վերջին օրը՝ մարտի 3-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ թեկնածուների հեռուստաբանավեճը, որին մասնակցեցին իշխանական հեռուստաընկերությունների լրագրողները։
Կասկած կա, որ հնչելու են նախօրոք Քոչարյանի հետ համաձայնեցված հարցեր։ Այդուհանդերձ, Դեմիրճյանը չխուսափեց բանավեճից և ներկայացրեց իր փաստարկները։
Ընտրությունները կրկին ուղեկցվեցին տարատեսակ խախտումներով. գրանցվեցին լցոնումներ, կողմնակի անձանց ներկայություն տեղամասերում, ընտրողների կամքի վրա բռնություն, զինվորականների բաց քվեարկություններ, բացակայողների և մահացածների փոխարեն քվեարկություններ, «կարուսել», վստահված անձանց և դիտորդների իրավունքների ոտնահարումներ, ինչպես նաև ձայների հաշվարկման ընթացքում կեղծումներ ու նենգափոխումներ։
Արդյունքում՝ պաշտոնական տվյալներով Ռոբերտ Քոչարյանը ստացավ 67,8 տոկոս քվե և համարվեց վերընտրված։
Դեմիրճյանն ու իր կողմնակիցները չհամակերպվեցին արդյունքների հետ, և բողոքի զանգվածային ակցիաները շարունակվեցին մինչև նախագահի երդմնակալության օրը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնամուտի արարողությունը՝ Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի ունեցավ հատուկ պայմաններում՝ Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող կառավարության նիստերի դահլիճում։
Իշխանությունները ձեռնարկել էին աննախադեպ միջոցառումներ ընդդիմությունը չեզոքացնելու համար. կառավարության նիստերի դահլիճի բոլոր մուտքերի մոտ տեղադրվել էին փշալարեր, տրանսպորտը մարզերից Երևան չէր աշխատում, իսկ մետրոյի գնացքները «Հանրապետության հրապարակ» կայարանում կանգառ չէին անում։
Ընդդիմությունը փորձեց Մատենադարանից երթ կազմակերպել դեպի հանդիսության վայր՝ հայտարարելով, որ երդմնակալությունը ապօրինի է, քանի որ Քոչարյանը ընտրված նախագահ չէ։
Իրավապահները ուժ կիրառեցին բազմահազարանոց երթի մասնակիցների, այդ թվում քաղաքական գործիչների նկատմամբ։
Ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու հիմք չկա, բայց միաժամանակ առաջարկեց մեկ տարվա ընթացքում կատարել Հանրաքվեի մասին օրենքում անհրաժեշտ փոփոխություններ և կազմակերպել նախագահի վստահության հանրաքվե։
Գրեթե մեկ տարի անց, երբ ընդդիմությունը համոզվեց, որ իշխանությունը մտադիր չէ կատարել բարձր դատարանի որոշումը, 2004-ի ապրիլին հանրահավաքային նոր ալիք սկսեց։
Ապրիլի 12-ին ընդդիմության ղեկավարները ցուցարարներին Ազատության հրապարակից առաջնորդեցին դեպի նախագահական նստավայր, սակայն ԱԺ-ի շենքի դիմաց հոծ բազմությունը բախվեց ոստիկանության պատնեշների և փշալարերի։
Ոստիկանությունը անցավ հարձակման՝ մահակներով և վահաններով շրջափակելով ցուցարարներին, ծեծելով, ջրելով և էլեկտրաշոկի ենթարկելով նրանց։
Ծեծի էին ենթարկվում անգամ նրանք, ովքեր փորձում էին լքել Բաղրամյան պողոտան։ Բռնության ենթարկվեցին տասնյակ լրագրողներ։ Ջարդուխուրդ արվեցին ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները։ Կալանավորվեցին ընդդիմադիր առաջնորդներ։ Մեկուսարաններում հայտնվեցին ավելի քան 500 քաղաքացիներ։