Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ովքե՞ր կլինեն ապագա խորհրդարանի ընդդիմադիրները. Ալեն Սիմոնյանի վարկածը (տեսանյութ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, վստահություն է հայտնել, որ անցողիկ շեմը կհաղթահարեն 2-3 ընդդիմադիր ուժեր։ Նրա կարծիքով՝ հիմնական պայքարը ծավալվելու է նորաստեղծ «Մեր ձևով» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի միջև։

«Նրանք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար։ Երկուսն էլ ձայներ են տանելու «Հայաստան» դաշինքի ընտրազանգվածից»,- նշել է Սիմոնյանը։

Ըստ ԱԺ նախագահի՝ գործող որոշ ընդդիմադիր ուժեր կա՛մ չեն հայտնվի խորհրդարանում, կա՛մ դա կանեն մեծ դժվարությամբ, քանի որ ձևավորվելու է մեկ խոշոր ընդդիմադիր բևեռ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը երկիրը լավագույնս ղեկավարելու մասին, նշեց, որ երկրորդ նախագահը նախ պետք է կարողանա ղեկավարել «Հայաստան» խմբակցությունը։ Սիմոնյանի պնդմամբ՝ խմբակցությունում իշխանությունը փաստացի պատկանում է Դաշնակցությանը, իսկ մնացածը սոսկ «սատելիտներ» են։

«Քոչարյանը թող ղեկավարման մասին չխոսի։ Նա ավելի լուրջ մտահոգություն ունի՝ արդյո՞ք հաջորդ ընտրություններին Դաշնակցության հետ կկարողանա հաղթահարել անցողիկ շեմը»,- նշել է ԱԺ նախագահը։

Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմադիր ընտրազանգվածի զգալի մասն այլևս չի վստահում Քոչարյանին և իր ձայնը տալու է այլ ուժերի։ Նա հավելեց, որ Քոչարյանի վերջին ասուլիսներն ու վարչապետի թեկնածու առաջադրվելու ամբիցիաները հենց այդ անհանգստության հետևանքն են։

Ազգային ժողովի նախագահը նաեւ անդրադարձել է իր քաղաքական ապագային՝ հունիսին կայանալիք ընտրություններից հետո։ Նա նշել է, որ իշխող ուժի հաղթանակի դեպքում ցանկանում է  կրկին ստանձնել խորհրդարանի ղեկավարի պաշտոնը։

Սիմոնյանը միաժամանակ ընդգծել է, որ պատրաստ է ենթարկվել կուսակցական որոշմանը. եթե թիմը որոշի, որ նա պետք է լինի շարքային պատգամավոր, ինքը խնդիր չի տեսնում, սակայն հավելել է, որ անկախ կարգավիճակից՝ իր ակտիվությունը չի նվազելու։

 

 Մանրամասները՝  տեսանյութում