Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կայցելի Բաքու
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական խորհրդի նախագահի գրասենյակը պաշտոնապես հայտնում է, որ մարտի 11-ին նախագահ Անտոնիու Կոշտան աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Այցի շրջանակներում նախատեսված են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և կառավարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Անդրադառնալով սպասվող այցին՝ Եվրոպական խորհրդի նախագահը ընդգծել է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը, հատկապես էներգետիկ ոլորտում։
«Ադրբեջանը Եվրոպական միության համար ռազմավարական կարևորություն ունեցող գործընկեր է։ Մեր էներգետիկ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի էներգակիրների մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման և մեր էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում։ Մեր հանդիպումը նաև հնարավորություն կընձեռի քննարկել Մերձավոր Արևելքում արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը։ Եվրոպական միությունը լիակատար համերաշխություն է հայտնում Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին», - ասել է նա։
ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները կարգավորվում են դեռևս 1999 թվականից ուժի մեջ մտած Գործընկերության և համագործակցության համաձայնագրով։ Ըստ ԵՄ հաղորդագրության` ներկայումս Եվրոպական միությունը հանդիսանում է Ադրբեջանի խոշորագույն առևտրային գործընկերը և առաջատար ներդրողը երկրի տնտեսության մեջ։