A
A
Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված ընդունելություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 30-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։
Միջոցառմանը ներկա էին Լյուքսեմբուրգի պետական կառույցների և խորհրդարանի ներկայացուցիչներ, Լյուքսեմբուրգում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, եվրոպական և միջազգային կառույցների, գործարար, ակադեմիական և հասարակական շրջանակների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի անդամներ։
Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պետական օրհներգերով՝ «Helvetia» երգչախմբի կատարմամբ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Տիգրան Բալայանը։ Իր խոսքում դեսպանն անդրադարձավ Հայաստանի անկախության 35-ամյա ուղուն՝ ընդգծելով, որ անկախությունը ոչ միայն պատմական ձեռքբերում է, այլև շարունակական գործընթաց և սեփական ապագան ինքնուրույն կերտելու ամենօրյա ընտրություն։
Անդրադառնալով Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերություններին՝ դեսպանն առանձնահատուկ կարևորեց վերջին տարիներին արձանագրված շոշափելի առաջընթացը՝ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը, Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանության գրասենյակի բացումը, քաղաքական երկխոսության և խորհրդարանական կապերի ակտիվացումը, պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացումը, ինչպես նաև երկու երկրների համայնքների և քաղաքների միջև կապերի խորացումը։ Նա նաև կարևորեց Եվրոպական միության առաքելության կազմում Լյուքսեմբուրգի մասնակցությունը՝ որպես Հայաստանի տարածաշրջանում խաղաղության և կայունությանն ուղղված աջակցության գործնական դրսևորում։
Դեսպան Բալայանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատին՝ Հայաստանին ցուցաբերվող հետևողական աջակցության համար՝ հիշատակելով Հայաստանի համար կարևոր հարցերի վերաբերյալ Պատգամավորների պալատի ընդունած բանաձևերը և հայ-լյուքսեմբուրգյան խորհրդարանական կապերի առանձնահատուկ բնույթը։
Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը՝ դեսպանը մատնանշեց առևտրի, ներդրումների, բարձր տեխնոլոգիաների, տիեզերական ոլորտի, արհեստական բանականության, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում առկա զգալի ներուժը։
Դեսպան Բալայանն ընդգծեց նաև Հայաստանի և Լյուքսեմբուրգի՝ աշխարհագրությունը հնարավորության վերածելու ընդհանուր ձգտումը՝ նշելով, որ Հայաստանը նպատակ ունի իր տարածաշրջանը վերածել խաղաղության, հաղորդակցությունների և տնտեսական ու մարդկային փոխանակումների խաչմերուկի։
Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց Լյուքսեմբուրգի իշխանություններին՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող հետևողական աջակցության և երկու երկրների միջև գործընկերության զարգացմանն ուղղված հանձնառության համար։